Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի լրագրողը հետապնդվում է Բաքվի և Անկարայի կողմից


Ադրբեջան - Լրագրող Ռաուֆ Միրկադիրովը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի ստուդիայում, արխիվ
Ադրբեջան - Լրագրող Ռաուֆ Միրկադիրովը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի ստուդիայում, արխիվ

«Զերկալո»-ի խմբագրի վկայությամբ՝ Ռաուֆ Միրկադիրովի նկատմամբ ճնշումները սկսվել են Թուրքիայի վարչապետի Ադրբեջան այցից հետո:

Թուրքիայում ձերբակալվել և ապա հայրենիք է արտաքսվել ադրբեջանցի հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ռուսալեզու «Զերկալո» թերթի թղթակիցը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածով՝ պետական դավաճանության, լրտեսության մեջ, ինչի համար սահմանված պատժաչափը 10 տարուց մինչև ցմահ ազատազրկումն է:

Ադրբեջանական Contact.az էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբ` Միրկադիրովը «Զերկալո»-ի սեփական թղթակիցն է Թուրքիայում և ակտիվորեն գրում է միջազգային թեմաներով, իր հոդվածներում բազմիցս կոշտ քննադատության է ենթարկել Էրդողանի կառավարության քաղաքականությունը։

Միրկադիրովի գործընկերները ձերբակալությունը կապում են նրա լրագրողական գործունեության հետ։

«Թուրան» լրատվական գործակալության հետ զրույցում «Զերկալո» թերթի խմբագիր Էլչին Շիհլին հայտնել է, որ Ռաուֆ Միրկադիրովի նկատմամբ ճնշումներն սկսվել են երկու շաբաթ առաջ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի Բաքու կատարած այցից հետո: Խմբագրի խոսքերով՝ նախ լրագրողին անսպասելիորեն զրկել են հավատարմագրումից, ապա հայտնել են, որ նա պետք է Թուրքիան լքի մինչև ապրիլի 23-ն ու այլևս երբեք չվերադառնա։ Ապրիլի 18-ին Միրկադիրովը որոշել է լքել երկիրը, և երբ նրան բերման են ենթարկել, նա ոստիկանությանն ասել է, որ հեռանում է, ինչո՞ւ են իրեն ձերբակալում։ «Եղբայրական պետության իշխանությունները, սակայն, հավանաբար ցանկանում են անցանկալի լրագրողին երկրից ցուցադրաբար վռնդել», - նշել է խմբագիրը։

Լրագրողի փաստաբան Ֆուադ Աղաևը հայտարարել է, որ Միրկադիրովն այժմ գտնվում է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանում, իսկ քննությունը վարում է գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունը:

Ռաուֆ Միրկադիրովին մեղադրելը ակնհայտ ապացույցն է ավտորիտար ռեժիմի ճնշման սանձարձակության և ժողովրդական դիվանագիտության ու Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ որևէ կապի լիարժեք արգելք է: Այս մասին ասվում է ադրբեջանական «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտ» ոչ կառավարական կազմակերպության տարածած հայտարարության մեջ, որում նշվում է, որ լրագրողը հայ - ադրբեջանական տարբեր նախագծերի ակտիվ մասնակից է, բազմիցս այցելել է Հայաստան ինչպես կազմակերպության աշխատակիցների հետ, այնպես էլ՝ ինքնուրույն:

Միրկադիրովին լրտեսության և հայրենիքի դավաճանության համար մեղադրելը խաչ է քաշում Հայաստան Ադրբեջանի քաղաքացիական ակտիվիստների հետագա այցերի, Ադրբեջանում ժողովրդական դիվանագիտության և քաղաքացիական հասարակության զարգացման վրա, նշել է Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG