Մատչելիության հղումներ

Վարչապետը «Դեմ եմ»-ի ցուցարարներին հրավիրում է քննարկման


Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը րոպեներ առաջ մոտեցավ նախագահական նստավայրի առաջ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի դեմ բողոքի ակցիայի դուրս եկած ցուցարարների մոտ:

Աբրահամյանը հայտարարեց, որ ինքը առաջին քայլն արդեն արել է և չի կարող փողոցում ցուցարարների հետ քննարկումներ անել, սակայն պատրաստակամություն հայտնեց նրանց ներկայացուցչական խմբի հետ զրուցել վաղը:

Հինգշաբթի օրը Կառավարության նիստից հետո վարչապետի մոտ կայացել է խորհրդակցություն, որի արդյունքում Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին՝ սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբնախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:

Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյա նիստում:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի որոշման տարաբնույթ մենկաբանություններից հետո շատ ընկերությունների հաշվապահությունը նորից խառնվել էր: Չնայած օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական են ճանաչվել, այդուհանդերձ, առանց աշխատողների կամքի աշխատավարձերից պահումներ չկատարող գործատուներն անհանգստանում էին հնարավոր տույժ-տուգանքներից:

«Դեմ եմ» շարժումը Կառավարության այս հայտարարությունը որակում է որպես քայլ, բայց՝ ոչ վերջնական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG