Մատչելիության հղումներ

Էթիկայի հանձնաժողովը քննում է Առաքել Մովսիսյանի վարքը


Էթիկայի հանձնաժողովը քննում է Առաքել Մովսիսյանի վարքը
please wait

No media source currently available

0:00 0:04:50 0:00

Էթիկայի հանձնաժողովը քննում է Առաքել Մովսիսյանը վարքը

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը քննում է ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի վարքը:

Անցած տարեվերջին, երբ խորհրդարանում քվեարկության էին դրվել գազային աղմկահարույց համաձայնագրերը, մի խումբ լրագրողներ պաստառներով մուտք էին գործել նիստերի դահլիճ՝ պատգամավորներից պահանջելով չվավերացնել փաստաթղթերը:

Լրագրողների օթյակում գտնվող թղթակիցները ի նշան բողոքի ձեռքով հարվածում էին ապակուն: Առաքել Մովսիսյանը զայրանալով տեղից բացականչեց․ - «Էս կապիկներին էլ հանեք ստեղից», ապա ավելի կոշտ բառ օգտագործեց («ս․․․ր»): Պատգամավորը չէր շրջանցել նրանք, ովքեր դավաճանություն էին որակել քվեարկությունը․ -­ «Դավաճանը ինքն ա, իրա պապան ա, իրա եղած-չեղածն ա: Էղա՞վ»:

Չորս լրագրողներ դիմումով պահանջում են էթիկայի խախտում ճանաչել հանրապետական պատգամավորի արտահայտությունները, ինչպես փոխանցեցին «Հետք»-ի եւ «Սիվիլնեթ»-ի լրագրողներ Գրիշա Բալասանյանն ու Սարգիս Խանդանյանը՝ ակնկալիքներ չունեն, որ Մովիսյանը ներողություն կխնդրի:

«Սա առաջին դեպքը չէ: Այդ պատգամավորի մոտ սովորություն է դարձել պատգամավորին ոչ հարիր բառապաշարով դիմել քաղաքացիներն», - ասաց Բալասանյանը:

Առաքել Մովսիսյանը տարբեր առիթներով, օրինակ, Զարուհի Փոստանջյանին է հրապարակավ վիրավորել: Լրագրողներն ասում են՝ այս անգամ հանձնաժողովում երկրորդ կարծիք չի կարող լինել, որպես ապացույց տեսանյութ են ներկայացրել․ - «Կարծում եմ, որ եթե ես իրեն նույն բառապաշարով դիմեմ, ինքն էլ կվիրավորվի: Առավել ևս, որ պատգամավորը պետք է օրինակ լինի դրական առումով, ոչ թե բացասական»:

Հակադարձելով Հանրապետական կուսակցությունից հնչող այն պնդումներին, թե լրագրողներն իրենք են էթիկայի խախտում թույլ տվել՝ օգտագործելով վկայականը մուտք գործել դահլիճ, «Հետք»-ի լրագրողն ասաց, թե եթե անգամ խախտում էլ կա, ապա դա հատուկ նպատակ է ունեցել․ - «Այդ խախտումն ավելի նվազ էր իր վտանգավորության առումով, քան այն, ինչ անում էին պատգամավորները նիստերի դահլիճում: Երբ ներսում պատգամավորները, քաղաքական մեծամասնությունը քննարկում էր հանգիստ խղճով գազային համաձայնագրերը, դրսում քաղաքացիները ցրտին կանգնած էին: Որևէ մեծամասնության ներկայացուցիչ չէր մոտենում քաղաքացիներին, ասեր՝ լավ, ի՞նչ եք պահանջում: Օգտագործելով այն հնարավորությունը, որ մեզ ընձեռված էր, մենք դրսի քաղաքացիների տեսակետը բերեցինք դահլիճ»:

Էթիկայի հանձնաժողովն այսօր փակ դռների հետևում լսեց լրագրողներին: Հաջորդ նիստին Առաքել Մովսիսյանին են հրավիրելու՝ բացատրություններ տալու:

Մինչ այդ նրա կուսակիցը, հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց՝ ի պաշտոնե ստիպված է լուռ մնալ, որպեսզի իր կարծիքը հանձնաժողովի որոշման վրա ազդեցություն չունենա․ - «Գայթակղությունս շատ մեծ է, որպեսզի այդ օրվա հետ կապված, կապված լրագրողների վարքագծի և հատկապես որոշ արտահայտությունների հետ կապված իմ տեսակետը հայտնեմ, բայց կաշկանդված եմ»:

Հանձնաժողովի ընդդիմադիր անդամ, դաշնակցական Աղվան Վարդանյանը ևս ձեռնպահ է մնում գնահատել իշխանական պատգամավորի վարքը՝ ասելով, թե իր դիրքորոշումը հանձնաժողովի նիստին կհայտնի:

Եթե անգամ հանձնաժողովը որոշի, որ Առաքել Մովսիսյանը էթիկայի խախտում է թույլ տվել, պատգամավորը պարտավորված չէ ներողություն խնդրել լրագրողներից․ որոշումն ընդամենը հրապարակվելու է խորհրդարանի կայքում ու բաժանվելու է պատգամավորներին:

Հովհաննես Սահակյանը վստահեցնում է՝ իր գործընկերները չեն զլանում ներողություն խնդրել: Բայց, օրինակ, Մհեր Սեդրակյանը, որ սպառնացել էր պոկել «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի ծնոտը, այդպես էլ լրագրողից ներողություն չխնդրեց, թեև հանձնաժողովը խախտում արձանագրել էր:

«Ա1+»-ի լրագրողն ասում է՝ հանձնաժողովի որոշումներով մարդիկ չեն փոխվում․- «Հիսունն անց մարդկանց նորից չես սովորեցնելու, թե ինչպես վարվել դիմացինի հետ: Ընդամենը ձևական քննարկում է, նորմալ է: Բայց թող հույսները կտրեն, թե իրենք կարողանալու են կրթական խնդիրներ ունեցող հիսունն անց մարդուն, որը օրենսդիր է, ինչ-որ բան սովորեցնել, ինչ-որ բան հասկացնել: Ներողություն էլ չի խնդրելու, և չի սխալվելու, եթե չխնդրի ներողություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG