Մատչելիության հղումներ

Վրաստանում մեկնարկում է նախընտրական քարոզարշավը


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր պաշտոնապես ստորագրել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հունիսի 15-ին նշանակելու մասին հրամանագիրը: Դա նշանակում է, որ Վրաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը:


Ղարիբաշվիլին կոչ է արել իրավապահ մարմիններին ընտրական շրջանում քաղաքական ազատություններն ապահովելու համար ընտրապայքարում ընդգրկված անձանց չձերբակալել, հարցաքննությունների չկանչել, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա:


Վրաստանի վարչապետը շեշտել է որ ձերբակալությունները ծայրահեղ միջոց են և կարող են կիրառվել միայն այն դեպքում երբ կա հստակ արտահայտված և հիմնավորված անհրաժեշտություն:


«Մեր քաղաքական թիմի առաջնահերթությունը քաղաքական ազատության ապահովումն է ընտրական շրջանում»,- հայտարարել է Ղարիբաշվիլին, - «Մենք ամեն ինչ կանենք, որ բոլոր կուսակցություններն հնարավորություն ունենան լիարժեք նախընտրական քարոզարշավ իրականացնել: Այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ դիմել իրավապահ մարմիններին` նախընտրական շրջանում առավելագույնս խուսափել ընտրապայքարին մասնակցող անձանց ձերբակալություններից»:


Վրաստանի վարչապետը շեշտել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները պետք է ևս մեկ անգամ ցույց տան, որ Վրաստանում իրական փոփոխություններ են տեղի ունեցել, և երկիրը ղեկավարում է ժողովրդավարական ճանապարհի վրա կանգնած քաղաքական այնպիսի մի թիմ, որ երաշխիք է հանդիսանում ազատ և արդար ընտրությունների համար:


Այսօր նաև հայտնի է դարձել, թե ով է հավակնում Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնին «Վրացական երազանք» կոալիցիայից: Իշխող կոալիցիան առաջադրել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Դավիդ Նարմանիայի թեկնածությունը, ով այսօր հրաժարական է ներկայացրել` մեկուկես տարի այդ պաշտոնում աշխատելուց հետո:

Նարիմանիայի փոխարեն Տարածային զարգացման և ենթակառուցվածքների նոր նախարար է նշանակվել Էլգուջա Խոկրիշվիլին, ով գլխավորում էր քաղաքային զարգացման ֆոնդն ու էկոնոմիկայի և սոցիալական հետազոտությունների կովկասյան ինստիտուտը:

Տեղական ինքնակառավարման նախորդ ընտրությունները Վրաստանում անցկացվել են 2010 թվականի մայիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG