Մատչելիության հղումներ

ԼՂ վարչապետ․ «Արցախը ներկայիս կարգավիճակը պետք է պահպանի երկար տարիներ»


Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի և «Թվիթեր»-ի օգտատերերի հետ առցանց հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է, թե Արցախը ներկայիս կարգավիճակը պետք է պահպանի երկար տարիներ:

Հարցին, թե Ղարաբաղի ճանաչման հարցի դրական լուծումից հետ արդյոք երկիրը գնալու է անկախության ամրապնդման ճանապարհով, Հարությունյանը պատասխանել է, թե դա պետք է որոշի ողջ հայությունը․ - «Այսօր ճիշտ չէ դրա պատասխանը տալ: Ժամանակը ինքը թելադրելու է: Ժամանակն ինքն իր պահանջը դրելու է: Ունեմ ես իմ անձնական կարծիքը, բայց դա պաշտոնական կարծիք չէ՝ որ Արցախի ստատուսի հետ կապված մենք փոփոխության չպիտի ենթարկենք»:

Պատասխանելով հարցին, թե Լեռնային Ղարաբաղի կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկում ճանաչման ուղղությամբ և արդյո՞ք այդ քայլերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներով են սահմանափակվում, Արա Հարությունյանը նշել է, որ քայլեր ձեռնարկվում են 1992 թվականից` Անկախության հռչակումից ի վեր, և կան որոշակի ձեռքբերումներ․ - «Ունենք փոքր ձեռբերումներ՝ ամերիկյան նահանգների մակարդակով, Ավստրալիայի նահանգների մակարդակով: Նաև տարբեր քաղաքների հետ կապերի ստեղծման, ամրապնդման, տարբեր քաղաքական ուժերի, միավորների հետ համագործակցելով: Սա է ընտրված ճանապարհը, և համոզված եմ, որ տարիների ընթացքում լուրջ հաջողություն ենք արձանագրելու»:

Վարչապետը չի կիսել այն կարծիքը, թե «դանդաղեցվել է վերաբնակեցման աշխատանքների ընթացքը»: Նրա խոսքերով՝ ծրագիրը ոչ թե դադարեցվել կամ դանդաղեցվել է, այլ կառավարությունը հստակ ծրագրով իրականացնում է մի քաղաքականություն, որի հիմքում ընկած է առաջին հերթին վերաբնակեցված շրջանների զարգացումը:

Նա նշել է, որ այդ շրջաններում հազարավոր վերաբնակիչները լքում էին իրենց բնակության վայրերը մինչև 2007 թվականը՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Իսկ այսօր, ըստ Լեռնային Ղարաբաղի վարչապետի, կառավարության նոր քաղաքականության շնորհիվ բարելավվել են տվյալ գոտու ենթակառուցվածքների ու բնակիչների ապրուստի պայմանները, նկատվել է ժողովրդագրական զգալի աճ՝ հատկապես Քաշաթաղի շրջանում:

«90-ական թվականների վերջին Քաշաթաղի շրջանում արդեն, մեր հաշվարկներով՝ 15 հազարից ավելի մարդ: 2007 թվականին՝ 7 հազար մարդ: Այսինքն մի կողմից՝ վերաբնակեցում, մյուս կողմից՝ արտահոսք, որովհետև չկար նվազագույն պայմաններ: Դրա համար մենք փոխել ենք քաղաքականության անվանումը՝ ոչ թե վերաբնակեցման քաղաքականություն, այլ շրջանների զարգացման ծրագրեր: Բայց արդյունքում արձանագրեցինք ժողովրդագրական լուրջ առաջընթաց: Նույնիսկ Քաշաթաղի շրջանում արդեն ավելի քան 10 հազար մարդ է ապրում»:

Խոսելով տնտեսության վիճակի մասին՝ վարչապետն առանձնացրել է երկու գլխավոր գործոններ, որոնք խոչընդոտում են տնտեսական աճը՝ որակյալ մասնագետների և երկարաժամկետ ներդրումների սղությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG