Մատչելիության հղումներ

Քաղաքացիները նամակներ են հղում պատկան մարմիններին՝ պարտադիր պահումներ չանելու պահանջով


Փոստային բաժանմունքները հեղեղված են նամակ-հորդորներով
please wait

No media source currently available

0:00 0:03:53 0:00
Մի քանի օրում ավելի քան 6000 նամակ՝ Հայաստանի կառավարությանն ու Կենտրոնական բանկին. փոստային բաժանմունքների աշխատակիցները խոստովանում են՝ վերջին քսան տարվա մեջ այսքան նամակ միանգամից չէին ստացել:

«Չորս օր է 6000-ից պակաս նամակ չենք ընդունում»,- ասաց փոստային բաժանմունքի աշխատակիցը՝ հավելելով, որ վերջին օրերին ծայրահեղ ծանրաբեռնված են աշխատում։

Փոստատարներն ասում էին՝ «Դեմ եմ»-ի նամակները դասակարգելու ոչ ժամանակ ունեն, ոչ տեղ, ստիպված տրցակներն արդեն գետնին են դնում:

Այս նամակների հեղինակները պահանջում են պարտադիր պահումներ չանել աշխատավարձերից և ճնշումներ չգործադրել գործատուների վրա՝ տուգանքների սպառնալիքներով: Հղում կատարելով Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի 6-դ կետին՝ նամակ հանձնողները նաև հիշեցնում են, որ մարդու կամքին հակառակ որևէ մեկը չի կարող նրա սեփականությունից՝ աշխատավարձից գանձումներ անել: Հենց մեր աչքի առջև նույն բովանդակությամբ երեք նամակ հանձնվեց. մեկը նույնիսկ բողոքեց՝ ինչո՞ւ մինչ օրս իր նամակներին չեն պատասխանել։

Պատասխան նամակները չեն հապաղում, սակայն, ոչ այն տեսքով, որ ակնկալում էին քաղաքացիները: Արդեն մի քանի օր է՝ շատերն են նամակներ ստանում Կենտրոնական դեպոզիտարիայից այն մասին, որ իրենց փոխարեն արդեն կառավարիչ և ֆոնդ է ընտրվել:

Այդպիսի նամակ ստացողներից մեկն էլ Անահիտ Թամազյանն է, ով երկու աշխատանք ունի՝ մասնավոր ընկերությունից այս ամիսների ընթացքում պահումներ չեն եղել, իսկ Գիտությունների ազգային ակադեմիայից եղել են, և ենթադրում է, որ հենց այս պատճառով է դեպոզիտարիան հիշել իրեն:

«Բայց ես ոչ մի ծանուցում մինչ այդ չէի ստացել, որ պետք է ֆոնդ ընտրեմ, որ ինչ-որ վերջնաժամկետ կա այդ ֆոնդը ընտրելու համար։ Ընդ որում նամակի մեջ անգամ նշված չէր, թե որ ֆոնդն կամ կառավարչին են իմ փոխարեն ընտրել պատահականության սկզբունքով։ Ոչ մի բան նշված չէ»,- ասաց Թամազյանը։

«Դեմ եմ» նախաձեռնությունը վստահ է՝ դեպոզիտարիայի այս գործողությունները չեն բխում գործող օրենսդրության պահանջներից և հակասում են Սահմանադրական դատարանի որոշմանը: Արդեն երեկ քաղաքացիական այս նախաձեռնությունը Կենտրոնական դեպոզիտարիային ուղղված նամակի ձևանմուշ է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում՝ հորդորելով քաղաքացիներին նամակներով հեղեղել փոստը:

«Հաստատ դատի եմ տալու, դիմելու եմ բոլոր հնարավոր ատյաններ, իմանալու եմ՝ էլ ինչ է հնարավոր անել և հասնելու եմ նրան, որ իրավունքներս վերականգվեն»,- ասաց Անահիտ Թամազյանը, ով ևս այսօր նամակ հասցեագրեց դեպոզիտարիային։

Իսկ մինչ Անահիտը պատասխան ստանա, արդեն Կենտրոնական դեպոզիտարիայի կայքէջում կարդում ենք.- «ՀՀ օրենքը ամբողջությամբ շարունակում է գործել մինչև 2014թ. սեպտեմբերի 30-ը, ուստի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է և շարունակելու է կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները»։

Ի դեպ, այսօր հայտարարությամբ է հանդես եկել նաև Գլխավոր դատախազությունը․ ապրիլի 12-ի «Դեմ եմ» թիմի հանրահավաքին ընդառաջ այս կառույցը զգուշացնում է՝ ճանապարհ փակելը և երթևեկությանը խոչընդոտելը առաջ են բերում քրեական և վարչական պատասխանատվություն:

Մի քանի ժամ անց պատասխան հայտարարությամբ հանդես եկավ «Դեմ եմ»-ը։ Նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանի փոխանցմամբ՝ իրենց համար անհասկանալի, թե ինչ քրեական և վարչական պատասխանատվության մասին կարելի է խոսել այս դեպքում:

«Շատ նման է սպառնալիքի, բայց եթե մյուս ակցիայի ընթացքում մեր կողմից նման անհնազանդություն լինի արդեն կտեսնենք Գլխավոր դատախազության գործունեությունը։ Բայց ամեն դեպքում մենք հստակ գիտակցում ենք, որ մենք օգտվում ենք մեր սահմանադրական իրավունքից և թույլ չենք տա, որ ինչ-որ մեկը ոտնահարի մեր իրավունքները»,- ասաց Արաբաջյանը։
XS
SM
MD
LG