Մատչելիության հղումներ

Սառեցվել են Վարդգես Գասպարիի բանկային հաշիվները


Սառեցվել են Վարդգես Գասպարիի բանկային հաշիվները
please wait

No media source currently available

0:00 0:03:01 0:00

Սառեցվել են Վարդգես Գասպարիի բանկային հաշիվները

Երեկ ակտիվիստ Վարդգես Գասպարին հայտնաբերել է, որ բանկում ունեցած իր երկու հաշիվների վրա կալանք է դրվել:

«Ես իմ անունով երկու հաշիվ ունեմ, որոնցից մեկն իմ անձնական է, մյուսը իմ հաշմանդամ երեխայի թոշակի հաշիվն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գասպարին։

Գասպարիի 12 տարեկան տղան անչափահաս լինելու պատճառով իր անունով հաշիվ ունենալ չի կարող, հետևաբար նրա բանկային հաշիվը բացվել է հոր անունով, որի վրա նույնպես հարկադիր կատարման ծառայությունը արգելանք է դրել։ Գասպարին փորձել է գումարը հանել հաշմանդամ երեխայի առողջապահական ծախսերը հոգալու համար, բայց այդպես էլ չի ստացվել։ Հետաքրքվել է ՎՏԲ բանկից, թե ինչու են հաշիվները սառեցվել։

«Բանկը ընդհանրապես վերահսկողություն չունի իր հաճախորդների ունեցվածքի վրա, ունեցվածքը տնօրինում է ԴԱՀԿ-ն։ Բանկը ոչ մի բացատրություն չունի, թե, օրինակ, այսինչ օրը մենք ստացել ենք նամակ և օրենքի այս կետի համաձայն սառեցվել է ձեր հաշիվը: Միայն ասում են գնացեք ԴԱՀԿ և ձեզ կասեն», - ավելացնում է Գասպարին։

Սառեցված հաշիվներ ունենալուց բացի, ըստ ակտիվիստի, ինքն ամեն օր ստիպված է տարբեր ճնշումներին դիմակայել։ Հիմա էլ, ասում է, իրեն հաճախ հսկողության տակ են պահում տարբեր անհայտ մարդիկ, ովքեր երեկ, օրինակ, իր վրա ձվեր են նետել։ Ոստիկանություն դիմել Գասպարին չի պատրաստվում, ավելին՝ կասկածներ ունի, որ իր վրա ձվեր նետած քաղաքացիական հագուստով մարդիկ կապ ունեն իրավապահների հետ։

Հարկադիր կատարման ծառայությունից ճշտեցինք, որ իսկապես իրենց խնդրանքով են սառեցվել Գասպարիի հաշվիները, քանի որ վերջինս տուգանք ունի վճարելու Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժնին։ Այդ տուգանքից բացի, Գասպարիի դեմ հարուցված է 7 վարչական, 2 քաղաքացիական վարույթ և մեկ քրեական գործ, ակտիվիստն արդեն խճճվել է, թե հերթական տուգանքը որ գործով պետք է մուծի։

Չնայած ճնշումներին՝ Գասպարին չի դադարում մասնակցել բողոքի ակցիաների և հանրահավաքների և համարյա ամեն շաբաթ բախվում է ոստիկաններին։ Այսօր նրան հանդիպեցինք Բաղրամյան 26-ից ոչ հեռու, որտեղ նա պառկած էր մայթին, քանի որ ոստիկանները նրան, բարձրացնելով գետնից, հեռացրել էին նախագահական նստավայրի մոտից, ուր նա մասնակցում էր զոհված զինվորների մայրերի բողոքի ակցիային։ Նախագահի նստավայրի տարածքից հեռացվելուց հետո նրան Բաղրամյանով տեղաշարժվել թույլ չէին տալիս, քանի որ, ըստ ոստիկանների, նա խախտել էր հասարակական կարգը։
XS
SM
MD
LG