Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը այցելում է Իրան


Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը, Թեհրան, 9-ը ապրիլի, 2014թ․
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը, Թեհրան, 9-ը ապրիլի, 2014թ․

Իլհամ Ալիևի և Հասան Ռոհանիի բանակցությունների առանցքային թեմաներից մեկը ղարաբաղյան հիմնախնդիրն էր:

«Իրանը կտրականապես դեմ է Հարավային Կովկասում առկա աշխարհքաղաքական իրողությունների փոփոխությանը», - չորեքշաբթի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Իսլամական հանրապետության ղեկավարի այս հայտարարությունը հնչել է Թեհրանի «Սաադաբադ» պալատում` Ւլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով Իրան է ժամանել այսօր առավոտյան` Նախիջևանից, որտեղ մասնակցում էր ինքնավար հանրապետության ստեղծման 90-ամյակի տոնակատարություններին:

Դատելով Իրանի մայրաքաղաքից ստացվող տեղեկություններից` Ալիևի և Ռոհանիի բանակցությունների առանցքային թեմաներից մեկը ղարաբաղյան հիմնախնդիրն էր:

«Թեհրանը պատրաստ է նպաստել Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը` արդարության և միջազգային նորմերի շրջանակում: Իմ կարծիքով՝ բոլորն էլ պարտավոր են աջակցել Ղարաբաղի խնդրի դիվանագիտական կարգավորմանը», - Ռոհանիի խոսքերն է մեջբերում իսլամական հանրապետության պաշտոնական լրատվական գործակալությունը` IRNA-ն:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Թեհրանում կայացած ասուլիսի ժամանակ ղարաբաղյան հիմնախնդրին և Իրանի դերակատարությանը Հարավային Կովկասում անդրադարձել է նաև Իլհամ Ալիևը: «Ղարաբաղի խնդրում Թեհրանի ցուցաբերած աջակցությունը մեզ համար շատ կարևոր է: Լեռնային Ղարաբաղի խնդրում Իրանի դիրքորոշումը ազնիվ է և լավ հիմնավորված: Մենք շարունակում ենք պնդել, որ առաջնահերթը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Ի դեպ, այսօրվա բանակցություննների ընթացքում կողմերը նաև բավական ակտիվորեն քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները: Հասան Ռոհանիի վկայությամբ` «բանակցությունների ընթացքում Իլհամ Ալիևը ընդգծել է, որ Իրանը միջուկային ծրագրի զարգացման լեգիտիմ իրավունք ունի»:

Իրանի նախագահը, ի դեպ, Ալիևի հետ բանակցություններին անդրադարձել է նաև Թվիթերի իր էջում: Տեղադրելով իր և Ալիևի լուսանկարը՝ Ռոհանին գրել է․ - «Երկու երկրների միջև եղբայրական հարաբերությունների զարգացումը սահմաններ չի ճանաչում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG