Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անվիճելի է»


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության

Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները վստահ են, որ երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները կակտիվանան:

Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անվիճելի է, և դրա փաստացի կազմակերպումը պետք է ամրագրվի դե յուրե: Այդ մասին երեքշաբթի օրը Աշգաբատում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես այսօր ևս մեկ անգամ ներկայացրեցի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված մեր սկզբունքային դիրքորոշումը՝ հարցը կարող է և պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա», - ասել է Սերժ Սարգսյանը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մենք շնորհակալ ենք Թուրքմենստանին՝ մեզ համար կարևորագույն հարցում ըմբռնման և չեզոքության համար», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

Նա փոխանցել է, որ Թուրքմենստանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում բարեկամական և վստահության մթնոլորտում հանգամանորեն քննարկել են հայ - թուրքմենական հարաբերությունների զարգացման ընթացքը, ապագայի համար նախանշվել գլխավոր կողմնորոշիչները: «Ես ուրախ եմ, որ հայ - թուրքմենական հարաբերությունները դինամիկ զարգանում են», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Մենք, իհարկե, հանգամանորեն քննարկեցինք առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Ցավոք, մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարի կրճատվել է, բայց մենք ունենք համագործակցության լավ փորձ և որ կարևորն է՝ ներուժ էներգետիկայի, թեթև և տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում: Մենք վստահ ենք, որ այդ հարաբերությունները կակտիվանան և ոչ միայն 2014 թվականին, այլ նաև հետագայում մեր հարաբերությունները, ես նկատի ունեմ առևտրատնտեսական, արժանի կլինեն մեր քաղաքական հարաբերություններին: Մենք նաև քննարկեցինք ենթակառուցվածքային և էներգետիկ ծրագրերի զարգացումը», - փոխանցել է Հայաստանի նախագահը:

Այսօր ստորագրված երկկողմ փաստաթղթերից Սարգսյանը առանձնացրել է ավիացիայի հարցերով հուշագիրը, որը նպատակաուղղված է այդ ոլորտում փոխհարաբերությունների ազատականացմանը: «Շուտով մեր երկրների քաղաքացիները կկարողանան օգտվել ուղիղ ավիահաղորդակցության հնարավորությունից: Հնարավոր կլինի Երևանից ուղիղ չվերթով Աշգաբատ հասնել ընդամենը երկու ժամում: Իսկ դա, վստահ եմ, կբերի փոխադարձ փոխանակումների, զբոսաշրջության աճին, ինչպես նաև գործարարությամբ զբաղվելու համար պայմանների էական թեթևացման», - ասել է Հայաստանի նախագահը:

«Մենք պարոն նախագահի հետ քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային հարցեր և ընդգծեցինք միջազգային ասպարեզում գործողությունների հետագա համակարգման կարևորությունը: Բանակցությունների ընթացքում հաստատվեց Հայաստանի և Թուրքմենստանի ձգտումը՝ հետագայում ևս նպաստել խաղաղության և անվտանգության հաստատմանը Անկախ պետությունների համագործակցության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի շրջանակներում առավել արդյունավետ փոխգործակցության միջոցով», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Սարգսյանը հրավիրել է Բերդիմուհամեդովին պաշտոնական այցով այցելել Հայաստան` իրեն հարմար ժամանակ: «Հրավերն ընդունվեց երախտագիտությամբ: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով», - ասված է երկու նախագահների ստորագրած համատեղ հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG