Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակը սրվել է


Ուկրաինա - Ռուսամետ ցուցարարները Խարկովի շրջանային վարչակազմի շենքի դիմաց, 7-ը ապրիլի, 2014թ․
Ուկրաինա - Ռուսամետ ցուցարարները Խարկովի շրջանային վարչակազմի շենքի դիմաց, 7-ը ապրիլի, 2014թ․

Դոնեցկում, Լուգանսկում և Խարկովում Ռուսաստանի կազմ մտնելու հարցով հանրաքվեի պահանջով մի քանի հարյուր ցուցարարներ գրավել են տեղական վարչակազմերի շենքերը:

Կիրակի երեկոյան Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում իրավիճակի սրման կապակցությամբ Ուկրաինայի նախագահի պարտականությունները կատարող Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը չեղյալ է համարել իր աշխատանքային այցը Լիտվա, ուր պետք է մասնակցեր Եվրամիության խորհրդարանների ղեկավարների հավաքին:

Ինչպես տեղեկացնում է Գերագույն ռադայի պաշտոնական կայքէջը, Տուրչինովը ուժային կառույցների ղեկավարների շտապ հավաք է հրավիրել և Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված իրավիճակն իր անձնական վերահսկողության տակ է վերցրել:

Երեկ երեկոյան կտրուկ սրվել է իրավիճակը Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում՝ Դոնեցկում, Լուգանսկում և Խարկովում: Այդ քաղաքներում Ռուսաստանի կազմ մտնելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով մի քանի հարյուր ցուցարարներ գրավել են տեղական վարչակազմերի շենքերը և բարձրացրել ռուսական դրոշը:

Այսօր Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Խարկովի վարչակազմի շենքը ազատվել է անջատողականներից»:

Ավելի վաղ Ավակովը գրել էր, որ թեև ռուսամետ ցուցարարների թիվը մեծ չէ, նրանք խիստ ագրեսիվ են տրամադրված և փորձում են սադրանքներ կազմակերպել, սակայն օրինախախտների նկատմամբ իրենց վերաբերմունքը կոշտ է լինելու: Ավակովի կարծիքով` Ռուսաստանը փորձում է այժմ ապակայունացնել իրավիճակը Ուկրաինայում:

Մինչդեռ միայն մեկուկես ամիս է մնացել Ուկրաինայում նշանակված նախագահական արտահերթ ընտրություններին, որոնց փաստորեն դեմ են հանդես գալիս հարավային և արևելյան շրջաններում հանրահավաքների մասնակիցները:

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Օխենդովսկին «Ուկրաինա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ընտրությունների հնարավոր խափանման մասին խոսելու պատճառներ չկան, որ ընտրությունները կարող են հետաձգվել միայն եթե երկրում արտակարգ կամ ռազմական դրություն մտցվի, սակայն դա քիչ հավանական է: Օխենդովսկին կարծիք է հայտնել, որ այս ընտրությունները կարող են լինել Ուկրաինայի ամենաազատ և արդար ընտրությունները:

Ընտրապայքարին մասնակցել ցանկացող թեկնածուների գրանցումն արդեն ավարտվել է, եթե ինքնաբացարկներ չլինեն, ապա քվեաթերթիկում տեղ կգտնի 23 հոգու անուն-ազգանուն: Հիմնական ֆավորիտներն են, սակայն, «Ռոշեն» շոկոլադային բրենդի սեփականատեր Պյոտր Պորոշենկոն և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենոկոն: ՈւԴԱՌ կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, հիշեցնենք, հանել է իր թեկնածությունը հօգուտ Պորոշենկոյի:

Վերջին հարցումները ցույց են տալիս, որ ուկրաինացիները հակվում են հօգուտ Պորոշենկոյի ընտրություն կատարելուն: «Միջազգային հանրապետական ինստիտուտ» կազմակերպության անցկացրած հարցման արդյունքներով` ընտրողների 21 տոկոսը պատրաստակամություն է հայտնել քվեարկել հենց Պորոշենկոյի օգտին, իսկ Տիմոշենկոյի օգտին՝ միայն 11 տոկոսը:

Նույն հարցման արդյունքներով՝ երկրորդ փուլի դեպքում Պորոշենկոյի օգտին կքվեարկեր ընտրողների 36 տոկոսը, և միայն 15 տոկոսը ձայն կտար Տիմոշենկոյին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG