Մատչելիության հղումներ

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղն ու էներգետիկ ծրագրերը


Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցած հաղթանակից հետո առաջին արտասահմանյան այցը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կատարել է Ադրբեջան:

Էրդողանին նախագահական պալատի դիմաց դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ավելի ուշ` աշխատանքային ճաշից հետո կայացել է Էրդողան-Ալիև դեմ առ դեմ հանդիպումը, այնուհետև` բանակցությունները ընդլայնված կազմերով:

Հանդիպմանը հետևած մամլո ասուլիսի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ իրենց դիրքորոշումն անփոփոխ է, և այդ սկզբունքային հարցում Թուրքիայի կողմից որևէ զիջում բացառվում է:

Կողմերը քննարկել են նաև էներգետիկ և տնտեսական ոլորտի նախագծերը, այդ թվում` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ու Տրանսանատոլյան խողովակաշարի նախագիծը, որով նախատեսվում է ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնել:

Ինչպես տեղեկացնում է APA գործակալությունը, Տրանսանատոլյան խողովակաշարի նախագծին անդրադառնալով` Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ամեն ինչ նախատեսվածի պես է ընթանում և իր կարծիքով՝ արդեն 2018 թվականին իրենք կհայտարարեն բացման մասին: Ըստ Ադրբեջանի նախագահի` այդ նախագծի իրագործումը երկու երկրներին էլ ավելի կմերձեցնի:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ով Բաքու է ժամանել Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզի ուղեկցությամբ, իր հերթին տեղեկացրել է, որ Թուրքիայում այժմ ընթանում են հողահատկացումների աշխատանքները, իսկ խողովակաշարի տեղադրումը կսկսվի արդեն այս տարվա ավարտին:

Բաքու մեկնելուց առաջ Էրդողանը, օդանավակայանում անդրադարձավ Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմանը` Twitter-ի արգելափակումը վերացնելու վերաբերյալ, հայտարարել է, թե իրենք ստիպված են դատարանի որոշումը կատարել, սակայն պարտադիր չէ դրա հանդեպ հարգանք տածել:
«Ես հարգանք չունեմ այդ որոշման նկատմամբ, դատարանը պետք է մերժեր հայցը»,- հայտարարել է Էրդողանը:
XS
SM
MD
LG