Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում Ռուսաստանի զինուժի կուտակումների վերաբերյալ


ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարներն այսօր Բրյուսելում ավարտեցին իրենց երկօրյա հավաքը, որի առանցքային թեմաներից էին Ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի դիրքորոշումն ու հետագա քայլերը այս իրավիճակում:

Իր ամփոփիչ ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը հայտարարեց, որ կիսում է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորական գեներալ Ֆիլիպ Բրիդլավի արտահայտած մտահոգությունները` Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի զինուժի կուտակումների վերաբերյալ:

Գեներալ Բրիդլավը «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանը Ուկրաինայի սահմանին այնքան զորք է կուտակել, որքան անհրաժեշտ է առավելագույնը հինգ օրում Ուկրաինայում իր նպատակներին հասնելու համար: Գեներալը շեշտել էր` սահմանին իրավիճակը աննախադեպ մտահոգիչ է:

Ռասմուսենը այս առիթով հայտարարել է, որ իրենք Ռուսաստանի կողմից զորքերը հետ քաշելու ուղղությամբ դեռ քայլեր չեն տեսնում, որ Ուկրաինայի սահմանների մոտ զինուժի կուտակումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս, և եթե Ռուսաստանը որոշի առաջանալ դեպի Ուկրաինայի տարածք` դա պատմական սխալ կլինի, կհանգեցնի Ռուսաստանի միջազգային մեկուսացմանը, հեռուն գնացող հետևանքներ կունենա Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը սակայն նշել է, որ իրենք դեռ ռազմական պատասխանի հնարավորությունը չեն քննարկում` հավատալով, որ առաջ շարժվելու ճիշտ տարբերակը քաղաքական և դիվանագիտական լուծում գտնելն է:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել Ռուսաստանին իրավիճակի սրացում թույլ չտալու համար հետ քաշել Ուկրաինայի սահմանին կուտակած զորքը, կատարել իր միջազգային պարտավորությունները և կառուցողական երկխոսություն սկսել ուկրաինական կողմի հետ:

Երեկ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները, դատապարտելով Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ, հայտարարեցին, որ կասեցնում են ամեն տեսակի համագործակցությունը Ռուսաստանի հետ: Եվ չնայած դրան՝ ՆԱՏՕ-ն պահպանում է դիվանագիտական միջանցքը Ռուսաստանի հետ:

Աջակցություն՝ Վրաստանին


Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հանդիպել է նաև Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հետ` աջակցություն հայտնելով ինչպես այդ երկրի տարածքային ամբողջականությանը, այնպես էլ եվրոատլանտյան ձգտումներին:

Ռասմուսենի խոսքով` Վրաստանը հատուկ գործընկեր է իրենց համար. այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներից ամենամեծ մասնակցությունն ունի Աֆղանստանում իրենց առաքելությանը և նշանակալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության և պաշտպանության ոլորտների իր հավակնոտ բարեփոխումներն իրականացնելիս: Սակայն ըստ Ռասմուսենի` այս տարին ևս շատ կարևոր է Վրաստանի համար. անցյալ տարվա նախագահական ընտրություններից հետո, այս հունիսին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները յուրօրինակ քննություն են լինելու Վրաստանի համար, և կարևոր է, որ այդ երկիրը պահպանի բարեփոխումների տեմպը:

«Վրաստանը կարող է լավ օրինակ լինել Արևելյան Եվրոպայի երկրների համար»,- հայտարարել է Ռասմուսենը:

Հարցին, թե արդյոք Վրաստանը սեպտեմբերին կստանա ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագիրը` Ռասմուսենը խուսափել է ուղղակի պատասխան տալուց` նշելով, որ կողմերը աշխատում են Վրաստանի ձգտումները իրականության վերածելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG