Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Մոսկվայում խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության, Քեսաբի մասին


Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում այսօր պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Էդվարդ Նալբանդյանը խորհրդային տարիներին հենց այս համալսարանն է ավարտել:

Կոչման շնորհման արարողության ժամանակ Հայաստանի արտգործնախարարը ելույթ է ունեցել՝ խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության մասին:

Նալբանդյանը նախ անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին՝ դրանք որակելով գերազանց, նշել, որ երբևիցե Հայաստանն ու Ռուսաստանը չեն եղել հակառակ կողմերում, միշտ նույն դիրքորոշումն են ունեցել:

Միևնույն ժամանակ, ասել է արտգործնախարար Նալբանդյանը, Հայաստանն ուզում է հարաբերությունները զարգացնել և՛ Եվրամիության, և՛ Միացյալ Նահանգների հետ, և՛ այլ պետությունների, այդ թվում ասիական երկրների հետ:

Հայաստանի արտգործնախարարի ելույթը լսել են համալսարանի ուսանողներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, ովքեր Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն չունեն և գործում են Մոսկվայից:

Դահլիճից Էդվարդ Նալբանդյանին երկու հարց են ուղղել: Հնչել է, մասնավորապես, Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության մասին հարց, և Հայաստանի արտգործնախարարը հետաքրքիր հայտարարություն է արել, ասելով, որ Հայաստանը բավական հաջող բանակցություններ է վարել Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրելու համար, սակայն ի վերջո միացել է Մաքսային միությանը, քանի որ, ըստ Էդվարդ Նալբանդյանի, Հայաստանը միշտ էլ հայտարարել է, որ ուզում է անդամակցել Մաքսային միությանը, պարզապես նախկինում Հայաստանին Մաքսային միություն չէին հրավիրում՝ պատճառաբանելով, որ Հայաստանը ընդհանուր սահման չունի Մաքսային միության մյուս անդամների հետ, սակայն երբ փորձագետները ուսումնասիրել են խնդիրը և հանգել եզրակացության, որ այդուամենայնիվ Հայաստանը կարող է անդամակցել Մաքսային միությանը, Երևանը դադարեցրել է բանակցությունները Բրյուսելի հետ և որում կայացրել միանալ Մաքսային միությանը: Էդվարդ Նալբանդյանը հավելել է, որ ճանապարհային քարտեզն արդեն պատրաստ է և հույս հայտնել, որ արդեն մայիսին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագիրը կստորագրվի:

Հավելենք, որ այսօր խոսվել է նաև Քեսաբի մասին: Դահլիճից հարց է հնչել, թե ինչո՞ւ Հայաստանը ավելի ակտիվորեն չի արձագանքում այդ խնդրին, չէ՞ որ այնտեղ զոհեր են եղել: Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է, որ դիվանագիտությունը միայն հրապարակային քայլերով չի որոշվում, Հայաստանը Քեսաբի հարցով անում է այն ամենը, ինչ պետք է: Ընդ որում, Էդվարդ Նալբանդյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է լուրերն այն մասին, որ Քեսաբում մեծ թվով հայեր են զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG