Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահի ընտրություններում արդեն գրանցվել է 14 թեկնածու


Ուկրաինա - Վիտալի Կլիչկոն (ձախից) և Պյոտր Պորոշենկոն միմյանց ձեռք են սեղմում ՈւԴԱՌ կուսակցության նիստի ժամանակ, Կիև, 29-ը մարտի, 2014թ․
Ուկրաինա - Վիտալի Կլիչկոն (ձախից) և Պյոտր Պորոշենկոն միմյանց ձեռք են սեղմում ՈւԴԱՌ կուսակցության նիստի ժամանակ, Կիև, 29-ը մարտի, 2014թ․

Նրանց թվում են հիմնական ֆավորիտները՝ միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:

Երկուշաբթի օրը Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 25-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունների 14 թեկնածուի է գրանցել, այդ թվում և հիմնական ֆավորիտներին` գործարար միլիարդատեր, «Ռոշեն» շոկոլադի արտադրության սեփականատեր Պյոտր Պորոշենկոյին և ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար, վերջերս բանտարկությունից ազատ արձակված Յուլիա Տիմոշենկոյին:

Չորս սոցիոլոգիական կազմակերպությունների համատեղ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ուկրաինացի ընտրողների մեկ քառորդը նախագահ է տեսնում հենց Պորոշենկոյին, 9 տոկոսը ձայն կտար ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ, նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյին, 8 տոկոսը՝ Տիմոշենկոյին:

Ավելի վաղ, սակայն, մարտի 29-ին Կլիչկոն ՈւԴԱՌ-ի նիստի ընթացքում հայտարարեց, թե հանում է իր թեկնածությունը հօգուտ Պորոշենկոյի: «Ուկրաինայի շահերից ելնելով, նրա միասնականությունը պահպանելու նպատակով ես կոչ եմ անում որպես ժողովրդավարական ուժերի միասնական թեկնածու` աջակցել Պյոտր Պորոշենկոյին», - հայտարարեց Կլիչկոն:

Փոխարենը, Կլիչկոն հայտարարել է, թե ցանկանում է պայքարել Կիևի քաղաքապետի պաշտոնի համար:

Երեկ գերմանական «Բիլտ» պարբերականում իր հոդվածում նախկին բռնցքամարտիկը կոչ է արել նաև Յուլիա Տիմեշնեկոյին հանել իր թեկնածությունը հօգուտ Պորոշենկոյի:

48-ամյա Պորոշենկան առավել հայտնի է որպես «Ռոշեն» շոկոլադների բրենդի սեփականատեր, նրա կարողությունը գնահատվում է 1․3 միլիարդ դոլար:

Քաղաքական առումով, Պորոշենկոն վերջին տասնամյակում եղել է բոլոր կառավարություններում: 2000 թվականից ի վեր նա երեք կուսակցություն է փոխել, եղել է Ռեգիոնների կուսակցության հիմնադիրներից մեկը: Այնուհետև Ռեգիոնների կուսակցությունից հեռացել է և դարձել Վիկտոր Յուշչենկոյի «Մեր Ուկրաինան» կուսակցության հիմնական ֆինանսավորողը, աջակցել է 2004 թվականի «նարնջագույն հեղափոխությանը», 2009-10 թվականներին զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը, 2012 թվականին տնտեսական զարգացման և առևտրի նախարարի պաշտոնում է եղել: Այնուհետև ընտրվել է պատգամավոր Գերագույն ռադայում և ընդգրկվել եվրոպական ինտեգրացիայի հարցերով խորհրդարանական հանձնաժողովում:

Այս նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն են առաջադրել նաև ազգայնական «Սվոբոդա» («Ազատություն») կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը, Աջ սեկտորի ղեկավար Դմիտրի Յարոշը: Ռեգիոնների կուսակցությունը, որը օրեր առաջ իր շարքերից պաշտոնապես հեռացրել է Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ, Ռուսաստանում ապաստանած Վիկտոր Յանուկովիչին, ընտրություններում թեկնածու է առաջադրել Խարկովի նախկին նահանգապետ Միխայլո Դոբկինին: Թեկնածուների մեծ մասը ինքնառաջադրված են, նրանց թվում կան մարդիկ, ովքեր Մայդանում ակտիվորեն մասնակցել են բողոքի ակցիաներին, օրինակ՝ իր թեկնածությունն է առաջադրել Մայդանում բժշկական օգնությունը կազմակերպող Օլգա Բոգոմոլեցը:

Փաստաթղթերը և 2․5 միլիոն գրիվնա` ավելի քան 200 հազար դոլար ընտրագրավը Կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնելու ժամկետը արդեն ավարտվել է, ԿԸՀ-ն փաստաթղթերն ուսումնասիրելու և մնացած թեկնածուներին գրանցելու կամ գրանցումը մերժելու համար ժամանակ ունի մինչև ապրիլի 4-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG