Մատչելիության հղումներ

ՊՆ կոլեգիայի նիստ՝ ԼՂ պաշտպանության նախարարի մասնակցությամբ


Լուսանկարը՝ Հայաստանի ՊՆ-ի
Լուսանկարը՝ Հայաստանի ՊՆ-ի
Ուրբաթ օրը Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականության հարցերին:

Նիստը նախագահել է նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցել են Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, նախարարի և գլխավոր շտաբի պետի տեղակալները, նախարարության, գլխավոր շտաբի պաշտոնյաներ, Զինված ուժերի զորամիավորումների հրամանատարներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը և ՊԲ-ի բարձրաստիճան սպաներ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ներկայացնելով նիստի օրակարգում տեղ գտած խնդիրները` Սեյրան Օհանյանը կարևորել է դրանց իրականացումը ազգային բանակի մարտունակության ապահովման համատեքստում:

Իր զեկույցում հանգամանալից վերլուծելով վերջին շրջանում զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականությունը բարձրացնելու ուղղությամբ կատարված աշխատանքները՝ Յուրի Խաչատուրովը վստահեցրել է, որ զինված ուժերը պատրաստ են պատվով կատարել առաջադրված ցանկացած մարտական խնդիր: Ներկայացնելով արձանագրված ձեռքբերումներն ու որոշակի բացթողումները` գլխավոր շտաբի պետը կարևորել է ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Այս առումով Սեյրան Օհանյանը փաստել է, որ զգալի ֆինանսական միջոցներ են ներդրվել ճշգրիտ և հեռահար սպառազինության, հակատանկային միջոցների, օպտիկական սարքերի և նշանոցների քանակն ավելացնելու ուղղությամբ:

Զեկույցներով և առաջարկություններով հանդես են եկել վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ, բարձրաստիճան սպաներ:

Քննարկումների ընթացքում բարձրաձայնվել են նաև առաջնագծում ինժեներական սարքավորումների, համապատասխան արգելափակոցների ստեղծման, հենակետերի մարտական դիրքերի լրակահավորման, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի և ճանապարհների անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:

Կոլեգիայի նիստի ընթացքում ուղիղ տեսակապ է հաստատվել սահմանամերձ զորամասերից մեկի մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին և կոլեգիայի նիստի մասնակիցներին զեկուցվել է սահմանագծում տիրող իրավիճակի, հակառակորդ կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի, դիրքապահ զինծառայողների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության մասին:

Ամփոփելով նիստը՝ Սեյրան Օհանյանը հանգամանորեն անդրադարձել է զորատեսակների անձնակազմի մասնագիտական պատրաստության կատարելագործման, սպառազինության և ռազմական տեխնիկայի համալիր վերազինման և արդիականացման, մարտական պատրաստության գործընթացի արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև միջադեպերի կանխարգելմանն ուղղված ճիշտ և նպատակային միջոցառումների կազմակերպման խնդիրներին, տվել է համապատասխան հանձնարարականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG