Մատչելիության հղումներ

Ի՞նչ պետք է սովորեն հայերը Թուրքիայի վարչապետ Էրդողանից


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Այս հոդվածի նպատակն է դասեր քաղել Սիրիայի Քեսապ հայկական քաղաքի վրա վերջերս կատարված հարձակումներից:

Անցյալ շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու հանդուգն քայլեր ձեռնարկեց. նախ՝ փակեց Թուրքիայում 12 միլիոն անդամ ունեցող Թվիթեր սոցիալական լրատվական կայքը՝ իր և իր ներքին շրջապատի կոռուպցիայի մասին բացահայտումները քողարկելու համար, երկրորդ՝ աջակցեց և հրահրեց ջիհադական զինյալների ներխուժումը Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող, Թուրքիային սահմանակից Քեսապ քաղաքը:

Ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել այս թվում է թե իրար հետ կապ չունեցող երկու իրադարձությունների միջև:

Էրդողանն անձամբ անուղղակիորեն պատասխանեց այս հարցին մարտի 20-ի քարոզարշավի հանրահավաքի ընթացքում. - «Մենք կվերացնենք Թվիթերը: Ինձ չի հետաքրքրում, թե միջազգային հանրությունն ինչ է ասում: Բոլորը կտեսնեն Թուրքիայի Հանրապետության ուժը»:

Ակնհայտ է, որ Թուրքիայի վարչապետին չի մտահոգում, որ նա կքննադատվի խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքը ոտնահարելու և որպես բռնակալ խուլիգան հանդես գալու համար: Նա ասում և անում է այն ամենը, ինչը նրա կարծիքով բխում է Թուրքիայի կամ իր սեփական շահերից:

Միացյալ Նահանգների պաշտոնյաների հակազդեցությունը Էրդողանի համացանցային ճնշումներին սին խոսքերից այն կողմ չանցավ: Միավորված Ազգերի Կազմակերպությունում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերն իր թվիթերյան էջում գրեց հետևյալ մեկնաբանությունը. - «Խորապես մտահոգիչ է, որ Թուրքիան փակել է Թվիթերը: Տեղեկատվության հասանելիության արգելափակումն անհամատեղելի է ժողովրդավարության հետ. աջակցեք այն վերաբացելու քաղաքացիների պահանջին»: ԱՄՆ-ի պետքարտուղարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական, «Լոս Անջելես թայմս» թերթի նախկին գործադիր խմբագիր Դուգլաս Ֆրանցը, որն ստիպված հրաժարական էր տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածի հրապարակման արգելափակումից հետո, Էրդողանի հակաթվիթերյան քայլը բնութագրեց որպես «21-րդ դարի գրքի այրում»: Նմանատիպ միամիտ քննադատություններ հնչեցին նաև Պետդեպարտամենտի խոսնակ Յեն Փսակիի, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնիի և Եվրամիության հեռահաղորդակցության հարցերով հանձնակատար Նելլի Քրուսի կողմից:

Արդյոք Էրդողանը մտահոգվո՞ւմ է այս բանավոր խարազանումներից: Ամենևին էլ ոչ: Նա արհամարհում է դրանք: Էրդողանն արդեն երկու տարով արգելափակել էր Յություբը, քանի որ կայքում տեղադրվել էին Քեմալ Աթաթուրքի հասցեին վիրավորական տեսանյութեր: Թուրքիայի վարչապետն սպառնում է նաև արգելել Ֆեյսբուքը և Յություբը մարտի 30-ի ընտրություններից հետո:

Ինչո՞ւ հայ ղեկավարները՝ Հայաստանում և Սփյուռքում, ավելի հանդուգն չեն վարվում Էրդողանի նման, հատկապես երբ վտանգի տակ է հայերի գոյությունը: Ամենահարմար պահն է նման հարց բարձրացնելու` ջիհադիստների կողմից Քեսապ ներխուժելուց, հայերին պատանդ վերցնելուց, նրանց տները թալանելուց և եկեղեցիները պղծելուց հետո:

Ցավոք, ամերիկահայ կազմակերպությունների կողմից ԱՄՆ-ի պաշտոնյաներին բազմիցս ուղղված խնդրանքները` օգնելու հայերին և Սիրիայի մյուս քրիստոնյաներին, անարձագանք են մնում: Մարտի 24-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մեկ այլ խիստ նամակ հղեց նախագահ Օբամային, պահանջելով Սպիտակ տան և Կոնգրեսի անհապաղ միջամտությունը` կանգնեցնելու համար Քեսապի վրա հարձակումները: Չի թվում, թե ԱՄՆ-ի կառավարությունը հետաքրքրված է սիրիահայերի և այլ փոքրամասնությունների աղետալի վիճակով, քանի որ Վաշինգտոնը համակված է Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալելով և անտեսում է անմեղ կյանքերի կորուստը:

Հայերը չպետք է բավարարվեն միայն գլուխները թափահարելով և բողոքելով միմյանց Սիրիայից եկող ողբերգական լուրերի մասին: Նրանք պետք է արթնանան համընդհանուր թմբիրից և համարձակ քայլեր ձեռնարկեն: Պետք է ամենօրյա ցույցեր կազմակերպել ամերիկյան խոշոր քաղաքներում և ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական, սաուդական և թուրքական դեսպանատների ու հյուպատոսարանների առջև ամբողջ աշխարհում, բողոքելով նրանց կողմից այսպես կոչված ապստամբների զինման դեմ, որոնք առևանգում և սպանում են սիրիահայերին, ի թիվս այլոց:

Պետք է անհապաղ հանդիպումներ անցկացնել ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, պահանջելով, որ նրանք անմիջապես դադարեցնեն բոլոր տեսակի զենքերի մատակարարումն ու ֆինանսական աջակցությունը «ապստամբներին» Սիրիայում, մինչև նրանց կողմից խաղաղ բնակչության վրա հարձակումների դադարեցումը:

2002 թվականին ես մի հոդված էի գրել հետևյալ վերնագրով` «Հայ «մուկը» պետք է ավելի հաճախ մռնչա»: Ըստ էության, այն կոչ էր ավելի համարձակ գործողությունների: Ես անդրադարձել էի Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքին, որտեղ խիզախ մուկն իր վճռական վարքագծով կարողանում է պաշտպանել ինքն իրեն ավելի վայրագ գազաններից:

Լուռ ու անտարբեր մնալն անընդունելի է, մանավանդ այն ժամանակ, երբ մեր հայրենակիցները կոտորվում են Սիրիայում: Երկչոտ պահվածքը միայն քաջալերում է հայ ժողովրդի թշնամիներին:

Հայերը պետք է նախաձեռնող լինեն, այլ ոչ թե արձագանքող: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին նրանք չեն կարող լուռ ականատեսներ լինել, մինչ թուրքական կառավարությունը և նրա դաշնակիցները ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռնամուխ են լինում հայերի մի նոր բնաջնջման Սիրիայում:

Հայերը պետք է բարձրաձայնեն, բողոքեն և ավելի ազդեցիկ միջոցներ ձեռնարկեն իրենց հայրենակիցներին պաշտպանելու համար աշխարհի չորս անկյուններում: Նրանք պետք է դառնան ՄՌՆՉԱՑՈՂ «մուկ»:


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG