Մատչելիության հղումներ

Նախագահը հակադարձել է Ադրբեջանի՝ միջուկային անվտանգության վերաբերյալ մտահոգություններին


Մեծամորի ատոմակայանը
Մեծամորի ատոմակայանը
Հաագայում միջուկային անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահը անդրադարձել է Հայաստանի ատոմակայանի անվտանգության, ռադիոակտիվ թափոնների խնդիրներին, որին ի պատասխան Հայաստանի նախագահը դրանք բամբասանք է որակել:

Մինչ նրանց ելույթները համաժողովի շրջանակներում մարտի 24-ին Իլհամ Ալիևը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի հետ: Այս հանդիպմանը Ալիևն ասել է, թե վտանգավոր սեյսմիկ գոտում տեղակայված, արդեն հնացած, ժամանակակից չափանիշներին չհամապատասխանող Հայաստանի ատոմակայանի շահագործումը լուրջ սպառնալիք է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար:

Այս նույն խոսքերը Իլհամ Ալիևը կրկնել է հաջորդ օրը՝ մարտի 25-ին ելույթ ունենալով համաժողովի լիագումար նիստում: Նա նաև հավելել է, որ «այդ ատոմակայանի ցանկացած վթարի հետևանքները ողբերգական կլինեն» ու միջազգային հանրության մտահոգությունները վերացնելու, ատոմակայանը փակելու փոխարեն Հայաստանը որոշել է դրա շահագործումը երկարաձգել մինչև 2026 թվականը:

Ալիևն իր ելույթում ասել է, թե Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրում՝ կանխելու իր տարածքով միջուկային անօրինական նյութերի տեղափոխումը ու միաժամանակ ափսոսանք հայտնել, որ Ադրբեջանը չի կարող ամբողջովին վերահսկել իր սահմանների որոշակի հատվածը, քանի որ Հայաստանը «օկուպացրել է իր երկրի 20 տոկոսը»: Նա ասել է, թե նման իրավիճակը պայմաններ է ստեղծում անդրազգային հանցավորության, միջուկային ու ռադիոկատիվ նյութերի մաքսանենգության համար ու հավելել, թե Հայաստանը վնասում է շրջակա միջավայրը՝ «ռադիոակտիվ թափոնները թաղելով գրավյալ տարածքներում»:

Նույն օրը միջուկային անվտանգության համաժողովում ելույթ է ունեցել նաև Հայաստանի նախագահը:

«Այսօրվա նիստում Ադրբեջանի նախագահը հարց բարձրացրեց Հայաստանի Մեծամորի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ: Ցանկանում եմ նշել, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ հայկական ատոմակայանի անվտանգության ապահովման հարցում՝ հետևողականորեն կատարելով գործակալության թիվ 640 տեխնիկական փաստաթղթով սահմանված պահանջները»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Ինչ վերաբերում է հնչեցված բամբասանքներին, որ իբր մենք խնդիրներ ենք ունեցել ռադիոակտիվ թափոնների հետ կապված, ապա այդպիսի սուտն առաջին հերթին անվստահության դրսևորում է միջազգային կառույցների նկատմամբ, որովհետև մենք մեր բոլոր ծրագրերը համակարգում ենք Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ»,- ընդգծել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ միջուկային ահաբեկչության վտանգի չեզոքացման ուղղությամբ 2013 թվականի հունվարին ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանում հիմնադրվել է Միջուկային և ռադիոլոգիական նյութերի տեխնիկական և փորձաքննական լաբորատորիա:

«Այն զգալիորեն նպաստել է միջուկային մաքսանենգության անդրազգային սպառնալիքին արձագանքելու Հայաստանի կարողությունների բարելավմանը»,- Հաագայի գագաթնաժողովում ասել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG