Մատչելիության հղումներ

Պաշտոնական Ստեփանակերտը «պատմական իրադարձություն» է համարում Ուորլիքի գրառումը


 Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայան
Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան էջը երեկ աչքի ընկավ մի գրառմամբ, որը պաշտոնական Ստեփանակերտը պատմական իրադարձություն է համարել:

Ամերիկացի համանախագահը, հիշեցնենք, «ղարաբաղյան հակամարտություն» կամ «հայ-ադրբեջանական հակամարտություն» տերմինը փոխարինել է «ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն» տերմինով:

«Այսօր ինձ ուղղել են: Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է։ Այդուհանդերձ, մենք ցանկանում ենք խաղաղ կարգավորում բոլոր կողմերի համար», - գրել էր ամերիկացի համանախագահը:

Նշենք, որ Ուորլիքի այս գրառումը մինչև այժմ հնչեցվում էր միայն պաշտոնական Ստեփանակերտի կողմից:

«Հարցի ճիշտ ձևակերպումը նախանշվում է հարցի լուծումը», - «Ազատության» հետ զրույցում հույս հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը: - «Այնքան ժամանակ, որ մենք պնդում էին, որ սա ոչ թե հայ-ադրբեջանական հակամարտություն է, որովհետև նման տերմինաբանությունն ընդհանրապես փոխում է էությունը: Նախ կողմերն են տարբեր՝ Հայաստան, Ադրբեջան: Երկրորդը՝ դա ցույց է տալիս երկու ազգերի միջև հակամարտություն: Իսկ երբ ներկայացնում եք ադրբեջանա-ղարաբաղյան, սա արդեն ավելի կոնկրետ է, սա արդեն ավելի ճիշտ է թե՛ քաղաքական առումով, թե՛ բոլոր այլ տեսանկյուններից: Որովհետև հակամարտությունը Ադրբեջանի կողմից պարտադրվել է Արցախին, և այս հակամարտությունը պիտի լուծվի: Կարծում եմ, որ Ուոլիքի նկատառումը չափազանց կարևոր է, պատմական է նույնիսկ, քանի որ սա արդեն նշանակում է, որ պիտի համապատասխան քայլեր իրականացվեն, որպեսզի հակամարտության կարգավորումն ընթանա ճիշտ ուղղությամբ»:

Թվիթերի ադրբեջանցի օգտատերերը, մինչդեռ, քննադատում են ամերիկացի համանախագահին և բացատրություն պահանջում հենց այդ գրառման համար։ Նրանց զարմացրել է թե ինչպես Ուորլիքն իր գրառման մեջ Լեռնային Ղարաբաղը քննարկման առարկայից դարձրեց հակամարտության կողմ:

Համանախագահների գործունեությունից մշտապես դժգոհող ադրբեջանական կողմը տարբեր ամբիոններից հնչեցվող այդ մեղադրանքները այս անգամ տեղափոխեց Բաքվի ԵԱՀԿ գրասենյակի մոտ: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» Բաքվի ԵԱՀԿ գրասենյակի առաջ բողոքի ակցիա է անցկացրել՝ ընդդեմ համանախագահների գործունեության, ովքեր, ցուցարարների խոսքերով, «22 տարիների ընթացքում չեն կարողացել լուծել ղարաբաղյան հակամարտությունը»։

Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքներին պաստառներ ունեին՝ «Մենք չենք հավատում համանախագահներին» գրությամբ եւ համանախագահների ծաղրանկարներով։ Ցուցարարները նաև կազմակերպության որոշման տեքստն են հնչեցրել, որում պահանջում են դադարեցնել Մինսկի խմբի աշխատանքը։

Իսկ ահա Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե մինչև այժմ Ադրբեջանը լուրջ հետաքրքրվածություն չի դրսևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական ճանապարհով լուծման նկատմամբ:

Դեսպանը, վերլուծելով Ղրիմի իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակը, համոզմունք է հայտնել, թե Բաքուն այսուհետ փորձելու է խաղարկել ռուսական խաղաքարտը պետքարտուղար Քերիի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում իր դիրքորշմանն աջակցություն ստանալու համար:

«Մենք չպետք է կուլ տանք խայծը», - գրել է դիվանագետը։
XS
SM
MD
LG