Մատչելիության հղումներ

Խփված ինքնաթիռի մասին Թուրքիայի ու Սիրիայի մեկնաբանությունները հակասում են միմյանց


Մարտի 23 -ին թուրք-սիրիական սահմանի մոտ խփված ինքնաթիռի կապակցությամբ տարբեր հայտարարություններ են հնչում սիրիական և թուրքական կողմերից:

Թուրքիան հայտարարում է, որ սիրիական ինքնաթիռը հատել է Թուրքիայի օդային տարածքը և իրենք պատասխանել են այդ գործողությանը: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` իրավիճակը քննարկելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-ունի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասսմուսենի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը` ելույթ ունենալով նախընտրական հանրահավաքում, անդրադարձել է այդ միջադեպին` նշելով. - «Սիրիական ինքնաթիռը խախտել է մեր օդային տարածքը, մեր F-16 ինքնաաթիռները օդ են բարձրացել և կործանել են այդ ինքնաթիռը»:

Նմանատիպ մի հայտարարություն է արել նաև Նիդերլանդներում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը` շեշտելով, որ այս միջադեպը ցույց է տալիս, որ Թուրքիայի սահմանները պաշտպանելու գործում թուրքական զինուժը վճռական է:

Դամասկոսը Թուրքիայի գործողությունները անսքող և աննախադեպ ագրեսիա է որակել` հերքելով, որ իրենք խախտել են թուրքական օդային տարածքը:

Դամասկոսը շեշտում է, որ կիրակի օրը սիրիական ինքնաթիռը խփվել է այն պահին, երբ պայքարում էր Լաթաքիա թափանցած զինյալ ահաբեկիչների դեմ:

Սիրիայի արտգործնախարարությունը պահանջել է Թուրքիայի վարչապետից վերջ դնել ահաբեկիչներին աջակցելու և թուրքական տարածքները Սիրիա ներխուժելու համար նրանց տրամադրելու քաղաքականությանը:

Հալեպի հայկական լրատվական գրասենյակը ևս հաղորդում է, որ զինյալները ներխուժել են թուրքական սահմանի կողմից, և եթե թուրքական միջամտությունը չլիներ, ապա բանակը արդեն հետ մղած կլիներ ահաբեկչրներին, սակայն թուրքական կողմի միջամտության հետևանքով ծայրահեղական այդ զինյալ խմբերը կարողացել են առաջ շարժվել:

Այս կապակցությամբ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաֆրին երկու ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որտեղ նշել է, որ թուրքիական բանակը աջակցում է ահաբեկիչների հարձակումներին թուրք-սիրիական սահմանին:

Թուրքական մամուլում այս միջադեպը մեկնաբանում են հիմնականում ներքաղաքական տեսանկյունից: Վերլուծաբանները կարծիք են հայտնում, որ սիրիական ինքնաթիռ խփելը թուրքական կառավարությունը փորձում է օգտագործել ներքաղաքական խնիդրներ լուծելու համար, մասնավորապես` մարտի 30-ին սպասվող ընտրություններից առաջ հասարակության ուշադրությունը վարչապետ Ռեջեփ էրդողանի անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալից շեղելու և էրդողանի միավորները ավելացնելու համար:

Todays Zaman-ին տված հարցազրույցում քաղաքական հարցերով հայտնի վերլուծաբան Գյոկհան Բաջեքը ասել է, որ կասկածի տեղիք է տալիս այն ժամանակահատվածը, երբ թուրքական զինուժը սիրիական ինքնաթիրռ է խփում: Նրա խոսքով` թուրքական զինուժը գրեթե ամեն օր հայտարարում է սահմանի և օդային տարածքի խախտումների մասին, սակայն սիրիական ինքնաթիռը թուրքական զինուժը կործանում է միայն այժմ` ընտրություններից վեց օր առաջ և հենց այն նույն պահին, երբ Էրդողանըի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Ստամբուլում մեծ հանրահավաք է անցկացնում:

Վերլուծաբանների մոտ կասկած է հարուցում նաև այն հանգամանքը, որ Էրդողանի հետ կապեր ունեցող Haber Turk հեռուստաալիքը սիրական ինքնաթիռին հարված հասցնելու պահը «որսացել է» ուղիղ եթերում: Այդ գործողությունից մեկ րոպե առաջ հեռուստաալիքը իր սովորական լրատվական թողարկումն ընդհատել է թուրք -սիրիական սահմանից ուղիղ եթերով` տեսախցիկն ուղղելով թուրք-սիրիական ավելի քան 300 կիլոմետրանոց սահմանի հենց այն կետին, որտեղ ուղիղ եթերից րոպեներ անց երևում է խփված և ծխացող սիրիական ինքնաթիռը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG