Մատչելիության հղումներ

Ռազմական փորձագետ․ Մոսկվան առաջիկայում ակտիվ գործողություններ Հայաստանում չի ձեռնարկի


Ռազմական հարցերով փորձագետ Պավել Ֆելգենհաուեր
Ռազմական հարցերով փորձագետ Պավել Ֆելգենհաուեր
Ռազմական հարցերով փորձագետ Պավել Ֆելգենհաուեր համարում է, որ առաջիկայում Ռուսաստանն այնքան զբաղված է լինելու Ուկրաինայում, որ որևէ ակտիվ գործողություններ Ղազախստանում, Բելառուսում և հատկապես Հայաստանում չի ձեռնարկելու:

«Ռուսաստանն առաջիկայում խրված է լինելու Ուկրաինայում, հետխորհրդային մյուս երկրներում Մոսկվան պարզապես չի կարող ակտիվ լինել»,- «Ազատության» հետ զրույցում փոխանցեց փորձագետը:

Ըստ փորձագետի՝ այլ հարց է, որ Ադրբեջանը կարող է դիմել կտրուկ քայլերի, եթե տեսնի, որ Մոսկվան ամբողջովին տարված է Ուկրաինայով և եթե ուկրաինական զարգացումները հակասեն Մոսկվայի շահերին:

«Իհարկե, Ադրբեջանը կարող է օգտվել այս հանգամանքից, ընդհանրապես ռուս-ուկրաինական այս ճգնաժամը շատ բան կարող է փոխել՝ և ոչ միայն ետխորհրդային տարածաշրջանում»,- ասաց Ֆելգենհաուերը:

Ինչ վերաբերում է Պուտինի Եվրասիական ծրագրերին, թեև այսօր ավելի հաճախ է հնչում այն կարծիքը, որ Եվրասիական միությունը դեռ չմեկնարկած կարող է տապալվել, Ֆելգենհաուերը համոզված է, որ Պուտինն էլ ավելի առաջ կտանի այս նախաձեռնությունը:

«Եվրասիական իր ծրագրերից Մոսկվան չի հրաժարվի և իր գործընկերներից էլ՝ Բելառուսից, Ղազախստանից և Հայաստանից կպահանջի ավելի հստակ դիրքորոշում արտահայտել»,- ասաց ռազմական փորձագետը:

Իսկ Ուկրաինայում Ֆելգենհաուերը կանխատեսում է իրավիճակի կտրուկ սրում արևելյան շրջաններում:

«Առաջիկա շաբաթներին արդեն Ռուսաստանը կձեռնարկի մեծ արշավ Ուկրաինայում, քանի որ Արևմուտքը չի ընդունել Ուկրաինայում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու և այն ֆեդերացիա դարձնելու Ռուսաստանի առաջարկը»,- ասում է ռուսաստանցի փորձագետը:

Հիշեցնենք՝ մարտի 18-ի իր ելույթում Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ղրիմի սցենարը չի կրկնվի Ուկրաինայի մյուս շրջաններում: Չնայած Ռուսաստանի նախագահի այս հայտարարությանը, Պավել Ֆելգենհաուերը շատ հավանական է համարում, որ Ուկրաինայում առաջիկայում սկսվի քաղաքացիական պատերազմ, և Ռուսաստանը գնա դեպի Ուկրաինա:

Կիրակի օրը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ասել էր, որ եթե Ռուսաստանը դուրս գա Ղրիմի սահմաններից, այսինքն չբավարարվի Ղրիմով, Եվրոպան կդիմի վճռական քայլերի, նույնիսկ եթե դրանց արդյունքում տուժի հենց Եվրոպայի տնտեսությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG