Մատչելիության հղումներ

«Դեմ եմ»-ի հանրահավաքին ելույթ կունենան նաև քաղաքական գործիչներ


Հայաստան -- «Դեմ եմ» շարժման ակտիվիստներ (ձախից աջ) Դավիթ Մանուկյանը, Գևորգ Գորգիսյանը և Արտաշես Արաբաջյանը Մեդիա կենտրոնում, Երևան, 21-ը մարտի, 2014թ․
Հայաստան -- «Դեմ եմ» շարժման ակտիվիստներ (ձախից աջ) Դավիթ Մանուկյանը, Գևորգ Գորգիսյանը և Արտաշես Արաբաջյանը Մեդիա կենտրոնում, Երևան, 21-ը մարտի, 2014թ․
Մարտի 22-ի հանրահավաքի ժամանակ ելույթ կունենան ոչ միայն օրենքի դեմ պայքարող քաղաքացիները, այլև ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որ նախախորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, դերասան Աշոտ Ադամյանը:

«Ես ուզում եմ, որ մեր հարթակից ցույց տալ, որ անգամ այն մարդիկ, ովքեր տարբեր կարծիքներ ունեն տարբեր հարցերի շուրջ, մեկ հարցի շուրջ համախմբված են և կարող են խոսել այդ հարցի շուրջ», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

«Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնությունը մտավախություն չունի, որ միևնույն հարթակի վրա հանդես գալով հնարավոր է իրենց քաղաքականացված լինելու մեջ մեղադրեն: Դավիթ Մանուկյանը մեկնաբանեց՝ շարժումը նպատակ չունի գալ իշխանության:

Նախաձեռնության անդամները նաև անընդունելի համարեցին քաղաքական որոշ գործիչների արտահայտած կարծիքը, թե մարտի 22-ի հանրահավաքը կվերածվի ուկրաինական մայդանի: Ինչպես նշեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը, շարժումը հարցին լուծում է ուզում տալ խաղաղ ճանապարհով: Դավիթ Մանուկյանի կարծիքով էլ, թեպետ շարժումը պատրաստ է դիմել քաղաքացիական անհնազանդության, սակայն հասարակության տարբեր շերտեր իրար դեմ դուրս բերելու խնդիր չունեն:

Այսօր ավելի վաղ քննարկում էր հրավիրված պարտադիր կուտակային կենսաթոշակի հարցի շուրջ, որին հրավիրված էին կառավարության ներկայացուցիչները: «Դեմ եմ» թիմը հրավեր չէր ստացել: Լրագրողների հետ զրույցում նրանք, սակայն, ասացին, թո նույնիսկ եթե ստանային հրավեր՝ քննարկմանը չէին մասնակցի, որովհետև՝ քննարկումների ժամանակներն անցել են:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արեգ Սվանգուլյանը մեզ հետ զրույցում ընդունեց, որ եթե օրենքը հասարակության աջակցությունը չի վայելում, այն չի կարող երկար կյանք ունենալ: Նա, սակայն, հավելեց․ - «Ժամանակը ցույց կտա, թե այս օրենքը իրականում պետք էր, թե պետք չէր: Ես նաև չեմ բացառում, որ եթե Սահմանադրական դատարանը ընդունեց որոշում և պարտադիրը հանվեց, տասնյակ տարիներ հետո կարող է մեր սերունդը փոշմանի, որ այս օրենքը չի ընդունվել»:
XS
SM
MD
LG