Մատչելիության հղումներ

Իշխանությունը Հովսեփյանին աշխատանքով ապահովելու խնդիր չի լուծում


Աղվան Հովսեփյան
Աղվան Հովսեփյան

Արդարադատության նախարարը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը համաձայն չէ ընդդիմադիր պատգամավորների բարձրաձայնած այն կարծիքին, որ Միասնական քննչական կոմիտեի ստեղծմամբ Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքով ապահովելու հարց է ընդամենը լուծվում։ Այս մարմնի ստեղծման մասին համապատասխան օրինագիծը Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է, Աղվան Հովսեփյանը գլխավորում է այդ կառույցի ստեղծման իրավական բազան մշակող աշխատանքային խումբը և երբևէ չի հերքել այն լուրերը, որ նախագահը հենց իրեն էլ մտադիր է նշանակել այս պաշտոնում։

Նիկոլ Փաշինյանն էր խորհրդարանական քննարկումների ժամանակ հայտարարել, որ այստեղ զուտ անձնական խնդիր է լուծվում։ Հրայր Թովմասյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ ինքը չի ցանկանում գուշակել, թե ում թեկնածությունը վարչապետը կառաջադրի այս պաշտոնում և նախագահն ում կնշանակի, իսկ նման կառույց ստեղծելու անհրաժեշտություն, ըստ նախարարի՝ կա:

«Եթե չլիներ, արդարադատության նախարարը, այդ նախագիծը չէր ներկայացնի»,- նշեց նա։

Այս կառույցի ստեղծման գաղափարն այն է, որ դա պետք է լինի Գլխավոր դատախազությունից ու գործադիր իշխանությունից անկախ, և եթե ի սկզբանե նախաքննության անաչառության հիմնավորմամբ ծրագրվում էր ոստիկանությունում, պաշտպանության նախարարությունում և պետեկամուտների կոմիտեում այժմ առանձին-առանձին գործող քննչական մարմիններն ընդգրկել Միասնական քննչական կոմիտեի կազմում, ապա շուտով պարզ դարձավ, որ ՊԵԿ-ի քննչական մարմինը չի միավորվի։ Հարցին, թե ի՞նչն է քննչական գործառույթը Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած կառույցի ձեռքում թողնելու պատճառը, արդարադատության նախարարը պատասխանեց, որ փուլ առ փուլ պետք է բոլորին միավորեն:

«Իքս փուլում մենք հրաժարվեցինք միանգամից բոլորին մեկ տանիքի տակ հավաքելուց, և փորձեցինք առաջին քայլն անել։ Պիտի կայանա այս կառույցը, մենք պիտի առաջին փուլում հաղթահարենք Ոստիկանության և Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունների համակեցությունը, կունենանք ամուր, կուռ կառույց, և դրանից հետո կանդրադառնանք նաև մյուսների միավորմանը»,- ասաց նախարարը։

Մինչդեռ «Ազատություն» ռադիոկայանի զրուցակից փաստաբաններն ու իրավապաշտպանները խիստ կասկածում էին, որ ՊԵԿ-ից քննչական գործառույթը հեշտ կլինի վերցնել:

«Գերատեսչություններն ունեն իրենց շահերը, և այն գերատեսչությունը, որն ավելի ուժեղ է՝ կարողանում է թելադրել իր պայմանները», - ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։

«Այդ «կամաց-կամաց»-ի գաղափարին քսան տարուց ավելի է՝ ես չեմ հավատում։ Ի՞նչ պիտի ասեր Հրայր Թովմասյանը, հո չէ՞ր ասելու՝ մեր ուժը չպատեց Գագիկ Խաչատրյանի վրա... Չէր կարող ասել, դրա համար ասում է՝ կամաց-կամաց»,- ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը,- «Ընդամենը Գագիկ Խաչատրյանի անձնական գործոնն է դեր խաղացել, որպեսզի քննչական ապարատը շարունակի մնալ հարկային ու մաքսային մարմինների ենթակայության տակ։ Ինչը, գիտեք, աբսուրդ է»։

Փաստաբանը հավելեց, որ եթե քննչական միասնական կոմիտեն ստեղծվելու է, և հարկային ու մաքսային մարմինների քննիչները անկախ մարմնի քննիչներ չեն լինելու, ապա այդ կառույցի ստեղծումն արդեն անիմաստ է:

«Եթե պետությունը առանձին քննչական մարմին ստեղծելու քայլ էր անում, պետք է ստեղծեր առանց վերապահումների, որովհետև եթե վերապահումներով ես անում՝ դա արդեն ձևական է։ Զուգահեռաբար լուծվում է նաև, իհարկե, Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու հարցը։ Կարծում եմ, ի սկզբանե նպատակ կար Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելուն զուգահեռ այդ ամբողջական քննչական մարմինն էլ ստեղծել, որի մասին մենք երկար տարիներ խոսում էինք, բայց արդյունքում միայն Աղվան Հովսեփյանն աշխատանքի կտեղավորվի»,- ասաց Վարոսյանը։

«Աչքը սարքելու փոխարեն ունքն էլ հետն ենք հանում», - կարծիք հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով ևս զարմացած չէր ՊԵԿ-ի քննչական մարմնին հանգիստ թողնելու՝ իշխանությունների քաղաքականությունից:

«Խնդիրն այն է, որ Գագիկ Խաչատրյանն իշխանության փողի պարկն է ապահովում։ Իրավապահ մարմինները և Պաշտպանության նախարարությունն այդքան անձեռնմխելիություն չունեն իշխանության շահերի տեսակետից, իսկ ինքն անձեռնմխելի է։ Պետական եկամուտների կոմիտեն մեզ դիտարկում է ոչ թե որպես հարկատուներ, այլ՝ հպատակներ, որոնք պետք է իրենց փրկագինը վճարեն»,- նշեց Սաքունցը։

Միասնական քննչական կոմիտեի կազմից դուրս են մնում նաև Հատուկ քննչական ծառայությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը։ Բայց եթե այս մարմինների առանձին գործելու անհրաժեշտության հարցը, զրուցակիցներիս պնդմամբ, կարելի է քննարկել, ապա ՊԵԿ-ի պարագայում իշխանությունները որևէ փաստարկ չեն կարողանում բերել։

Միասնական քննչական կոմիտեի ղեկավարը կնշանակվի խորհրդարանի կողմից օրենքի վերջնական ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում, ապա կառույցը կսկսի գործել։
XS
SM
MD
LG