Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարը կոչ է անում «շատ երեխաներ բերել»


Առողջապահության նախարարը կոչ է անում «շատ երեխաներ բերել»
please wait

No media source currently available

0:00 0:03:32 0:00

Առողջապահության նախարարը կոչ է անում «շատ երեխաներ բերել»

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր Շիրակի մարզում հայտարարեց, որ կառավարությունը ծնելիությունը խթանելու համար անում է այն, ինչի հնարավորությունն ունի:

«Ես՝ որպես կառավարության ներկայացուցիչ, մեր ազգաբնակչությանը շատ եմ խնդրում, որ շատ երեխաներ բերեն: Ես իմ երեխաներին էլ եմ խնդրում, ես բոլորի երեխաներին եմ խնդրում, որ ինչքան կարելի է շատ երեխաներ ունենան: Բայց այսօր, ցավոք սրտի, և՛ ֆինանսական, և՛ զբաղվածության, և՛ տարբեր այլ պատճառներով մարդիկ խուսափում են երեխաներ բերել», - ասաց նախարարը՝ շարունակելով․ - «Նաև արտագաղթի հետ կապված: Այստեղ գաղտնիք մենք չունենք: Սակայն պետք է նաև տեսնենք, թե պետությունը ինչ միջոցներ է դրա հետ կապված ձեռնարկում: Դուք գիտեք, որ մենք երեխաների ծնունդի հետ կապված բավականին համակարգեր նախատեսեցինք․․․ Պետությունն էլ իր հնարավորությունների շրջանակում է դա անում»:

Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում իրոք խիստ մտահոգիչ է․ Շիրակի մարզում, մասնավորապես, տարեցտարի նվազում է ծնունդների թիվը՝ շարունակվող արտագաղթի պայմաններում:

Ախուրյանի Մոր ու մանկան կենտրոնի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը «Ազատության» հետ զրույցում անդրադարձավ ծնելիության անկմանը․ - «Այսօր մեր գյուղական ընտանիքները, եթե առաջ ունենում էին 4,5,6 երեխաներ, այսօր դրանց թիվը քաղաքային բնակչության է համարյա հասել: Ինքնին տրամաբանական ու հասկանալի է, որ քաղաքայինն էլ է ավելի իջել»:

Հայաստանի բնակչությունը, նրա խոսքով, ծերանում է, որովհետև երիտասարդները հեռանում են երկրից․ - «Շիրակի մարզում ահավոր վիճակ է այդ տեսակետից: Եթե այսպիսի տենդենցներով մենք շարունակենք, երկիրը դատարկվի, սոցիալ֊տնտեսական վիճակը չբարելավվի․․․ Անշուշտ, պետությունն ինչ-որ քայլեր անում է․ երրորդ երեխայից ավել վճարումներ է հատկացնում: Դա շատ ոգևորիչ է և շատ ուրախալի է: Բայց դա, կարծես, վերջնական լուծում չէ այս հարցի: Գլոբալ, ռազմավարական խնդիր է այս երկրի համար՝ մայրեր են պետք, ժողովուրդ է պետք, բնակչություն է պետք, զինվոր է պետք․․․ Մենք այպիսի գեոպոլիտիկ իրավիճակի մեջ ենք, որ չենք կարող մեզ թույլ տալ նմանօրինակ ցավեր»:

Ավագյանի ձևակերպմամբ՝ հարևան երկրները «բացել են դռները և տանում են մեր երիտասարդներին»․ - «Աշխատուժ, մարդկանց, ովքեր պիտի այստեղ մնային ու երեխաներ ունենային»:

Նրան մտահոգում է նաև այն, որ հիմա անգամ արտագնա աշխատանքի մեկնողներից շատերը իրենց հետ տանում են նաև ընտանիքները:

«Ես կարծում եմ, որ շատ լուրջ ուշադրություն պետք է դարձնել այս հարցերին, որովհետև հետո կարող է գալ մի պահ, որ անշրջելի դառնան այս պրոցեսները», - եզրափակեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG