Մատչելիության հղումներ

Սյունեցիներին չեն հատուցում ասֆալտի տակ մնացած իրենց հողակտորների համար


Ասֆալտի տակ մնացած սյունեցիների հողակտորները՝ անհատույց
please wait

No media source currently available

0:00 0:04:20 0:00
Ավելի քան 7 տարի է՝ Սյունիքի մարզի 34 ընտանիք սպասում է Հայաստանի կառավարության պարտականության կատարմանը:

2005 թվականից սկսված Մեղրի-Ծվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ճանապարհաշինությունն ավարտվել է 2007-ին: Ծավի բնակիչները շինարարության ավարտից ամիսներ անց են իմացել, որ գյուղից 10 կմ հեռու գտնվող իրենց հողատարածքներն այսպես ասած՝ «պլանի տակ են»: Գյուղացիների սեփականությունը հայտնվել է ասֆալտի տակ:

Գերակա հանրային շահի հետ կապված պատմությունների շարքում այս դեպքն ուշագրավ է նրանով, որ Կառավարությունը գյուղացիների սեփականությունը հանդիսացող հողակտորների տարածքում ճանապարհաշինություն է իրականացրել՝ առանց սեփականատերերի հետ պայմանագիր կնքելու, առանց փոխհատուցելու, տեղյակ չպահելով, որ հողակտորները մնալու են ճանապարհի տակ:

Մինչ օրս շարունակվում են պաշտոնական խոստումները:

«Զարմանալու բան է․ աչքերիդ մեջ նայում են, ասում են՝ տալու ենք (հողատարածքների փոխհատուցումը), չկա, չկա, չկա․․․», - դժգոհում է նախկին գյուղապետը:

Ծավի բնակիչները հիշում են ներկա ու նախկին տարբեր պաշտոնյաների ամեն խոստում․ հատուկ ուշադրության են արժանի տարիներ շարունակ նախկին մարզպետի՝ Սուրիկ Խաչատրյանի խոստումները Հայաստանի նախագահի ընտրություններից առաջ՝ «դե ճանապարհի փողերն էլ հաստատ տալու ենք»:

Ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ասում է՝ հարցը կրկին բարձրացրել են կառավարությունում: Սակայն, երբ արդեն 7 տարի քննարկվող հարցերը գրավոր ուղղեցինք Տրանսպորտի և կապի նախարարություն, մամուլի խոսնակն ասաց՝ այդ հարցերը խորը ուսումնասիրության կարիք ունեն, խորհուրդ տվեց սպասել գրավոր պատասխաններին:

Կառավարական ծրագրի տապալումից հետո

Սյունիքի մարզպետարանի Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանն «Ազատության» հետ զրույցում պատճառաբանել է գյուղացիների սեփականության իրավունքի խախտման փաստը: Ըստ վարչության պետի, ճանապարհը Շիկահողի արգելոցով կառուցելու՝ կառավարական ծրագրի տապալումից հետո, երբ արդեն կար այլընտրանքային տարբերակը, պաշտոնյաները համապատասխան փաստաթղթեր չեն կազմել: Եվ այդ փաստաթղթերի բացակայության պատճառով էլ, ըստ մարզպետարանի ներկայացուցչի, անտեսել են մարդկանց հատուցելու պարտավորությունը:

«Բնակիչների դժգոհություն է եղել, արդարացի դժգոհություն է եղել: Քանի որ նոր կառուցվող ճանապարհահատված է, ծրագիրը բացակայում էր, այն հնարավոր չէր տեղադրել ճանապարհային քարտեզում: Տրանսպորտի և կապի նախարարությունը պետք է գնահատեր շուկայական գներով, ներկայացներ հաշվետվություն, որից հետո փոխհատուցվեր», - ասում է Աղաբեկյանը:

Ասֆալտի տակ մնացած հողի վարձը

Առավել ուշագրավ է այն, որ հողերի կարգավիճակը չփոխելու՝ Կառավարության գործելաոճի պայմաններում, գյուղացիները ստիպված են վճարել անգամ այն հողակտորների վարձը, որոնք 2007 թվականից ասֆալտի տակ են: Գյուղացիներից ոմանք վերջին ամիսներին հրաժարվել են վճարել այդ գումարը՝ պատրաստ լինելով դրա հետ կապված հնարավոր զարգացումներին:

Իրենց հողակտորներից զրկված գյուղացիներից որեւէ մեկի հետ անգամ պայմանագրի նախնական տարբերակ չեն քննարկել:

«Բոլորինը միասին մի 5-6 միլիոն դրամի պատմություն է, բայց էսքան ձգձգում են, հիասթափեցնում են մարդկանց: Անվստահություն են ներշնչում ժողովրդին դեպի իշխանությունը», - ասում են Ծավի բնակիչները:

Սահմանամերձ Ծավի հանրապետական գյուղապետը մարզխորհրդի վերջին նիստերի ժամանակ ևս հիշեցրել է ավելի քան 7 տարվա չլուծված հարցի մասին:

«Մենք մեր կառավարությանը դատի տա՞նք, թե՞ ինչ էդ հարցը լուծելու համար», - հարցնում է նա:

«Պետությունը հալածում է»

Սեփականության իրավունքի խախտման, ոչ բավարար փոխհատուցման վերաբերյալ Եվրոպական դատարանն անցած տարիներին ընդդեմ Հայաստանի կառավարության կայացրել է ավելի քան 10 որոշում, փոխհատուցման ընդհանուր գումարը կես միլիոն դոլար է: Տվյալ դեպքում, երբ կառավարությունը չի կատարել իր պարտականությունների նվազագույնը՝ անգամ ձևական իմաստով, ըստ Մարդու իրավունքների Եվրոպական կենտրոնի փորձագետ, փաստաբան Վահե Գրիգորյանի, լուրջ խնդիրներ կունենա Եվրոպական դատարանում:

«Փոխհատուցել ասելն իր մեջ ներառում է նաև չստացած եկամուտը: Այստեղ խնդիրը ընդամենը կամքի բացակայությունն է, պետությունը իր քաղաքացիներին իր իշխանական ողջ ռեսուրսով հալածում է», - ասում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG