Մատչելիության հղումներ

Առաջին գծում հայ զինվորը «պարտադրողի դերում է»


Առաջին գծում հայ զինվորը «պարտադրողի դերում է»
please wait

No media source currently available

0:00 0:02:23 0:00

Առաջին գծում հայ զինվորը «պարտադրողի դերում է»

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն առաջին անգամ էր Գյումրի եկել` հանդիպելու ղարաբաղա-ադրբեջանական սահմանն այսօր պաշտպանող Շիրակի մարզից զորակոչված զինծառայողների ծնողներին:

Հանդիպումից հետո Հակոբյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին վերջերս հայտարարել էր. - «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում կողմերը երբեք պայմանավորվածության չեն գա, և ամենալավ որոշումը կլինի այն, որ Ղարաբաղն ընդգրկվի Ռուսաստանի կազմում»: Այս հայտարարության կապակցությամբ Հակոբյանն ասաց. - «Ժիրինովսկին ու իրա նմանները հայտարարություններ պիտի կատարե՞ն: Դա իրենց գործն է, թող կատարեն: Դրանից եղանակը Ղարաբաղում չի փոխվում: Որևէ մեկին իրավունք չի վերապահված Ղարաբաղի ժողովրդի անունից խոսել, որովհետև Ղարաբաղը ինքնիշխան երկիր է, և Ղարաբաղի հարցը որոշելու է Ղարաբաղի ժողովուրդը»:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը հերքեց այն խոսակցությունները, ուկրաինական իրադարձություններին զուգահեռ ադրբեջանական կողմը զինտեխնիկա է կուտակում ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի սահմանների հարևանությամբ:

Անդրադառնելով շփման գծում հակառակորդի դիպուկահարների գործողություններին` Մովսես Հակոբյանն ասաց. - «Միշտ գործել են, միշտ արժանի պատասխան ստացել են, միշտ հանգստացել են, նորից են արթնացել, նորից փորձել գործել, նորից ստացել պատասխանը: Կարող եմ ասել, որ այսօր առաջին գծում իրավիճակը վերահսկվում է, հայ զինվորը պարտադրողի դերում է, այդպես եղել է և այդպես շարունակվում է»:

Նախարարի խոսքով, սահմանում իրավիճակը «Ուկրաինայի դեպքերի հետ որևէ կապ չունի»:

«Արցախի բանակը ունի բոլոր հնարավորությունները իր առջև դրված խնդիրը կատարելու փայլուն ձևով», - եզրափակեց Մովսես Հակոբյանը:

Զինծառայողների ծնողների հետ հանդիպումներին անդրադառնալով` Հակոբյանն ասաց, որ ծրագրում են նման հանդիպումներ անցկացնել բոլոր մարզերում. - «Փորձում ենք մեր պետության ամենից փոքր բջիջը ուժեղացնել, հզորացնել: Իսկ դա ընտանիքն է: Լավ ծառայող զինվորների ծնողներին այստեղ բերել, մեծարելը հենց այդ նպատակն է հետապնդում»:

Հանդիպմանը մասնակցում էին նաև այն 123 շիրակցի զինվորները, ովքեր ծառայում են Լեռնային Ղարաբաղում: Մովսես Հակոբյանը չմերժեց Գյումրիի քաղաքապետի ու Շիրակի մարզպետի խնդրանքը և զինվորներին 5-օրյա արձակուրդ տրամադրեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG