Մատչելիության հղումներ

Ղրիմը անկախություն է հռչակել և միավորվելու հայտով դիմել է Ռուսաստանին


Զինված մարդիկ, ենթադրաբար, ռուսաստանցիներ, քայլերթ են անցկացնում Սիմֆերոպոլի շրջանում տեղակայված ուկրաինական ռազմակայանի մոտ, 17-ը մարտի, 2014թ.
Զինված մարդիկ, ենթադրաբար, ռուսաստանցիներ, քայլերթ են անցկացնում Սիմֆերոպոլի շրջանում տեղակայված ուկրաինական ռազմակայանի մոտ, 17-ը մարտի, 2014թ.

Արևմուտքը քննարկում է նոր պատժամիջոցների հարցը։

Ղրիմի խորհրդարանն այսօր վերանվանվել է Պետական խորհուրդ, ընդունել է անկախության հռչակագիր և Ռուսաստանի Դաշնությանը պաշտոնապես ներկայացրել է միավորվելու դիմում։

Նախօրեին Ղրիմում անցկացվել է հանրաքվե, որի մասնակիցների 96.8 տոկոսը հավանություն է տվել Ռուսաստանին միանալու առաջարկին։

Միջազգային համայնքը չի ճանաչում հանրաքվեն` համարելով, որ այն հակասում է Ուկրաինայի սահմանադրությանը։ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Ղրիմի գրավումն անվանել է «անշլյուս», որին աշխարհը չի կարող չպատասխանել։

Ի դեպ, «anschluss» գերմաներեն նշանակում է «կապ», «միացում», այն դարձել է օկուպացիա խորհրդանշող քաղաքական տերմին, երբ նացիստական Գերմանիան 1938 թվականին գրավել է Ավստրիան և հայտարարել, որ այդ տարածքը առհավետ կլինի Գերմանական Ռայխի մասը։

Ուկրաինայի խորհրդարանը հայտարարել է պահեստայինների մասնակի զորահավաք, որի համաձայն, մոտ 40 հազար պահեստայիններ կմիանան զինված ուժերին։

Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղար Անդրիյ Պարուբին ասել է, որ այդ 40 հազարից 20 հազարը ծառայելու է բանակում, իսկ մնացած 20 հազարը` նոր ստեղծվող ազգային գվարդիայում։

Եվրամիության արտգործնախարարներն այսօր Բրյուսելում քննարկելու են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը։

Նախարարները կընդունեն բանաձև, որով ապօրինի են համարելու Ղրիմի հանրաքվեն, խստորեն դատապարտելու են Ռուսաստանի քայլերը, հրաժարվելու են Սոչիում ամռանը նախատեսված Մեծ Ութնյակի գագաթնաժողովից և հայտնելու են, որ մարտի 21-ին Բրյուսելում կստորագրվի Ասոցացման պայմանագրի քաղաքական մասը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ միջազգային համայնքը երբեք չի ճանաչի Ղրիմի հանրաքվեն և հավելել, որ ի պատասխան Ուկրաինայի տարածքային ամբողջականության ոտնահարման` Եվրամիությունը և Ամերիկան Ռուսաստանի նկատմամբ կսահմանեն լրացուցիչ պատժամիջոցներ։

Այսօր առավոտյան Ճապոնիայի կառավարության քարտուղար Յոսեհիդե Սուգան նույնպես հայտարարել է, որ Ղրիմի հանրաքվեն հակասում է Ուկրաինայի սահմանադրությանը և, հետևաբար, չի կարող օրինական համարվել։

Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան Ռուսաստանին հորդորել է խուսափել Ղրիմը միավորելուց։

Չինաստանի փոխարտգործնախարար Լի Բաոդունգը Ղրիմի հարցով հակամարտության մեջ ներքաշված կողմերին կոչ է արել չդիմել իրավիճակն է'լ ավելի սրող քայլերից։

«Անհրաժեշտ է քաղաքական լուծում գտնել երկխոսության և բանակցությունների եղանակով», - ասել է Պեկինի ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG