Մատչելիության հղումներ

Վանում հանդիպում են Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները


Այսօր Վանում տեղի է ունենալու Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը:

Թուրքիայի արտգործնախարարության չորեքշաբթի օրը տարածած հայտարարությունում նշված է, որ հանդիպմանը քննարկվելու է երեք երկրների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, տարածաշրջանային համագործակցության զարգացման հնարավորությունները:

Եռակողմ քննարկումներից բացի, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն առանձին հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ:

Թուրքական լրատվամիջոցները հիշեցնում են, որ սա թվով երրորդ հանդիպումն է: Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը անցկացվել է 2011 թվականին Իրանի Ուրմիա քաղաքում: Այստեղ նրանք պայմանավորվել էին եռակողմ հանձնաժողով ստեղծել ուսումնասիրելու և համաձայնագրեր կնքելու փոխշահավետ առևտրի, մաքսային հարցերի դյուրացման, սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ ընկերություններ ստեղծելու համար:

Հաջորդ տարի Նախիջևանում անցկացված հանդիպմանը նրանք քննարկել էին նաև տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորման ու տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG