Մատչելիության հղումներ

«Կոմերսանտ». ՆԱՏՕ-ն ցանկանում է արագացնել Վրաստանի անդամակցության գործընթացը


Բելգիա -- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը համատեղ մամուլի ասուլիսում, 5-ը փետրվարի, 2014
Բելգիա -- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը համատեղ մամուլի ասուլիսում, 5-ը փետրվարի, 2014
Արևմուտքը, Ղրիմի ճգնաժամին ի պատասխան, պատրաստվում է արագացնել Վրաստանի` Հյուսիս-Ատլանտյան դաշինքի անդամակցության գործընթացը:

Սեպտեմբերին արդեն Վրաստանը կարող է ձեռնամուխ լինել ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագրի իրագործմանը: Այս մասին այսօր գրում է ռուսական Коммерсант-ը՝ վկայակոչելով արևմտյան դիվանագիտական աղբյուրները:

«Եթե մարտի 16-ի հանրաքվեի արդյունքում Ղրիմի մտնի Ռուսաստանի կազմի մեջ, ապա սեպտեմբերին` Մեծ Բրիտանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Վրաստանի անդամակցության գործողությունների պլան կտրամադրվի»,- մոսկովյան պարբերականին է փոխանցել ՆԱՏՕ-ի դիվանագիտական աղբյուրը:

«Այս նույն տեղեկությունը հաստատեցին նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարությունում»,-գրում է Коммерсант-ը՝ հիշեցնելով, որ այս ծրագրի տրամադրման հույսեր Վրաստանն ուներ դեռ 2008-ի ապրիլին՝ ՆԱՏՕ-ի բուխարեստյան համաժողովի ընթացքում:

«Այն ժամանակ, սակայն, Ֆրանսիան և Գերմանիան ընդդիմացան այս ծրագրին, իսկ դեռ 2008-ին Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո, այս հարցն ընդհանրապես դուրս եկավ օրակարգից»,- գրում է թերթը:

Այսօր, սակայն, ըստ պարբերականի՝ Արևմուտքի քաղաքական շրջանակներում տրամադրությունները փոխվել են:

«Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում՝ Արևելյան Եվրոպայում դաշինքի ավելի վճռական գործողությունների անհրաժեշտության մասին քննարկումների է հանգեցրել»,- Коммерсант-ին փոխանցել է ՆԱՏՕ-ի պաշտոնյաներից մեկը՝ չցանկանալով բացահայտել ինքնությունը:

Նույն աղբյուրը նաև նշում է.- «Այն մասին, որ ՆԱՏՕ-ի անդամակցության՝ Թբիլիսիի ներկայացրած հայտը պետք է բավարարվի, խոսում են արդեն պետություններ, որոնք ոչ վաղ անցյալում կոչ էին անում արհեստականորեն չարագացնել այդ պրոցեսը»:

Ավելին, ըստ նույն աղբյուրի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի` Վաշինգտոն կատարած վերջին այցի ընթացքում նրան Սպիտակ Տանը խոստացել են աջակցել ՆԱՏՕ-ին ինտեգրվելու Վրաստանի ձգտմանը:

Коммерсант-ի թղթակիցը զրուցել է նաև ամերիկյան պետքարտուղարության ներկայացուցիչների հետ, որոնցից մեկը ռուս լրագրողին ասել է.- «Եթե Ռուսաստանը հայտարարի Ղրիմի միացման մասին, Վրաստանին` Հյուսիսատլանտյան դաշինքի գործողությունների պլան տրամադրելու հարց, ըստ էության, կարելի է լուծված համարել»:

Սակայն ամերիկացի դիվանագետը նշել է, որ այս ճանապարհին առկա միակ խոչընդոտը կարող է դառնալ Գերմանիայի դիրքորոշումը: Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունն, ինչպես և 2008-ին, ղեկավարում է Մոսկվայի հանդեպ իր հանդուրժողականությամբ հայտնի Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

«Չի բացառվում սակայն, որ Բեռլինի, ինչպես նաև մի շարք այլ թերահավատների տեսակետները փոխվեն: Ղրիմի միավորումը Ռուսատանի հետ Եվրամիության մայրաքաղաքներից և ոչ մեկում ընդունելի չեն համարում»,- Коммерсант-ին է փոխանցել ամերիկացի դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG