Մատչելիության հղումներ

Պուտինը փորձում է Ղրիմի հարցում ստանալ ռազմավարական գործընկերների աջակցությունը


Եվրասիական տնտեսական միության հերթական հավաքը պետք է անցկացվեր այսօր, սակայն ուկրաինական ճգնաժամի պատճառով այն կայացավ մարտի 5-ին և այդ նիստին հրավիրված չէին դիտորդի կարգավիճակ ունեցող Հայաստանի և Ղրղըզստանի նախագահները:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Վալերի Պետրովը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին պետք է մասնակցի նաև Հայաստանի նախագահը, նախատեսվում է անցկացնել ապրիլի 9-ին կամ 10-ին։ Իսկ մինչ այդ պետք է կայանա Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների հանդիպումը: Նախօրեին Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանը Պուտինը և Նազարբաևը քննարկելու են միջազգային հրատապ հարցեր: Խոսքը, նախևառաջ, ուկրաինական ճգնաժամի մասին է:

Հիմնական հարցը, որ այսօր բարձրացնում են փորձագետները այս կապակցությամբ` կստանա՞ արդյոք Ռուսաստանն իր ռազմավարական գործընկերների աջակցությունը Ղրիմի հարցում, թե ոչ: Հարկ է հիշել, որ նախկին խորհրդային երկրներից որևէ մեկը մինչ օրս չի ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Երեկ` Նազարբաևի այցի նախօրեին, Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները հեռախոսով քննարկել են ուկրաինական ճգնաժամը: Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքէջում այս մասին, մասնավորապես, կարդում ենք. - «Նուրսուլթան Նազարբաևը Պուտինի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Ղազախստանը, որպես ռազմավարական գործընկեր, ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի դիրքորոշմանը, որ պաշտպանում է ազգային փոքրամասնությունների իրավունքները Ուկրաինայում, ինչպես նաև իր` Ռուսաստանի անվտանգության շահերը»:

Ուշագրավ է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Նազարբաևը հեռախոսազրույցներ է ունեցել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Օբամայի հետ հեռախոսազրույցի հետ կապված Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում գրված է. - «Ղազախստանի և Միացյալ Նահանգների նախագահները ընդգծել են ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը, որը կպահպանի այս երկրի տարածքային ամբողջականությունը»:

Մերկելի հետ հեռախոսազրույցի մասին էլ Նազարբաևի կայքում, մասնավորապես, ասվում է. - «Հեռախոսազրույցի ժամանակ Նազարբաևն ընդգծել է ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև միջազգային միջնորդների անհրաժեշտությունը` այդ երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG