Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Ցեղասպանության երևույթը մնում է չվերացված»


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, Ժնև, 5-ը մարտի, 2014թ.
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, Ժնև, 5-ը մարտի, 2014թ.
Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի 65-ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկմանը, որը գումարվել էր 2013 թվականին Հայաստանի նախաձեռնությամբ՝ Մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի համաձայն:

ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի նիստերի մեծ դահլիճում Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Բոդեր Նդոնգ Էլլայի նախագահությամբ գումարված քննարկմանը բացման ելույթներով են հանդես եկել Հայաստանի արտգործնախարարը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Պիլայը, քննարկման հիմնական բանախոսներից էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ելույթ են ունեցել շուրջ հինգ տասնյակ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կարևորել են ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ միջազգային հանրության միասնական ջանքերի գործադրումը։

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, նշել է. - «Հայ ժողովուրդը, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ, բարոյական խիստ պատասխանատվություն է զգում իր ներդրումը բերելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին: Ես պետք է երախտագիտություն հայտնեմ այն բազմաթիվ անդամ պետություններին, որոնք պատրաստակամորեն իրենց աջակցությունն են բերում այս վեհ նպատակին ծառայող մեր տարբեր նախաձեռնություններին: Կցանկանայի օգտվել այս հնարավորությունից շնորհակալություն հայտնելու Ցեղասպանության կանխարգելման մասին Մարդու իրավունքների խորհրդի բանաձևի բոլոր համահեղինակներին, որն ընդունվել է այս բարձր մարմնի կողմից անցյալ տարի»:

«Չնայած այն փաստին, որ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիան ընդունվել է 1948 թվականին, դրան հաջորդած տասնամյակներում, ներառյալ վերջին տարիներին, ցավոք իրագործվել են նոր ցեղասպանություններ, մարդկության դեմ ուղղված նոր հանցագործություններ: Այս սարսափելի երևույթը Կամբոջայից Ռուանդա և Դարֆուր շարունակում է մնալ չվերացված: Սա նշանակում է, որ մենք ոչ միայն քննարկումների, բանաձևերի, հռչակագրերի, կոնվենցիաների, այլ նաև ցեղասպանությունների կրկնությունը կանխող արդյունավետ մեխանիզմների կարիքն ունենք», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG