Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ուղղված քաղաքականությունը»


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

«Որպեսզի Արևելյան գործընկերությունն աշխատի, մենք պետք է շիտակ և ազնիվ լինենք միմյանց հուզող հարցերում», - հայտարարել է Հայաստանի նախագահը ԵԺԿ-ի նստաշրջանում իր ելույթում:

«Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերությունը կանգնած են մարտահրավերների առջև: Ուկրաինայի իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են բոլորիս համար», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանում հինգշաբթի օրը ունեցած ելույթում:

«Խորապես ցավում ենք, որ Կիևում եղան մեծաքանակ մարդկային զոհեր: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անել առավելագույնը լարվածության թուլացման և երկխոսության միջոցով ողջամիտ լուծումներ գտնելու ուղղությամբ», - ասել է Հայաստանի նախագահը և հավելել․ - «Ինչպես և նախկինում՝ գտնում ենք, որ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մի գործընկերոջ հետ չպետք է հանգեցնի նոր բաժանարար գծերի ձևավորմանը: Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը»:

Շնորհակալություն հայտնելով Եվրոպական միությանը անցած տարվա դեկտեմբերին Հայաստանին Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից օգտվելու հնարավորություն ընձեռելու համար՝ Սարգսյանը շարունակել է․ - «Այդուհանդերձ, այդ համակարգի առավելությունները լիարժեք օգտագործելու համար դեռևս կա իր լուծումը պահանջող մի կարևոր խնդիր, այն է` Եվրոպական միության մաքսային միության անդամ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացումը»:

«Այսօր, երբ մարդկությունը ոգեկոչում է Առաջին աշխարհամարտի հարյուրամյակի սարսափը, Թուրքիան ոչ միայն չի հրաժարվում ժխտողականության իր քաղաքականությունից, ոչ միայն փորձում է մոռացության մատնել Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակն ու անտեսել հայրենազրկված ժողովրդի պահանջը, ոչ միայն չի ապաշխարում կատարվածի համար, այլ շարունակում է Հայաստանին և հայերին վնասելու ազգատյաց և այլատյաց արմատներ ունեցող քաղաքականությունը», - ընդգծել է Հայաստանի նախագահը:

«Եվրոպական արժեհամակարգի առանցքային սկզբունքներից է չլռել, երբ տեսնում ենք անարդարություն, երբ լսում ենք կողմնապահ մտքեր, և հատկապես երբ ականատես ենք լինում այլատյացության դրսևորման: «Այլևս երբեք»-ը մեր իսկ կարգախոսն էր, որ ծնվեց երկու աշխարհամարտերի արհավիրքներից: Բայց այդ կարգախոսը կյանքի կոչելու միայն մեկ ձև կա` հիշել, դատապարտել և պահանջել», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով․ - «Մեզ համար անընդունելի և անհասկանալի է, երբ մենք հանդուրժում ենք ֆաշիզմի որևէ դրսևորում, երբ ձևացնում ենք, որ չենք լսում Եվրոպայի խորհրդի անդամ պետություն Ադրբեջանի նախագահի ելույթը, երբ նա բացեիբաց ատելություն և թշնամանք է քարոզում: Որպեսզի Արևելյան գործընկերությունն աշխատի, մենք պետք է շիտակ և ազնիվ լինենք միմյանց հուզող հարցերում»:

«Մենք մեծապես գնահատում ենք, որ տարիներ շարունակ Եվրոպական միությունը և նրա անդամ երկրներն աջակցություն են ցուցաբերել Հայաստանի սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարի և աղքատության կրճատման գործում: Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն տվեց 2014-2015 թվականների համար ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին: Մենք հանձնառու ենք շարունակելու մեր ջանքերը Եվրոպական միության հետ գործուն կառուցակարգեր ձևավորելու ուղղությամբ, որոնք մի կողմից արտացոլում են Եվրամիության հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի են համագործակցության մյուս ձևաչափերի հետ», - ասել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG