Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Ժնևում հանդիպել է Բուրկհալտերի հետ


Դիդիե Բուրկհալտեր, արխիվ
Դիդիե Բուրկհալտեր, արխիվ
Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է Շվեյցարայի նախագահ, արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ։

Նալբանդյանը Բուրկհալտերին է փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանի ողջյունները և գրավոր ուղերձը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ - շվեյցարական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, համակողմանի գործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ և քննարկել հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը առնչվող հարցեր։ Հատուկ կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկումը։

Շվեյցարիայի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր են փոխանակել ԵԱՀԿ-ի օրակարգային խնդիրների, շվեյցարական նախագահության նախաձեռնությունների շուրջ։

Նալբանդյանը նախագահ Բուրկհալտերին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ Այս համատեքստում Դիդիե Բուրկհալտերը վերահաստատել է աջակցությունը Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը։

Անդրադարձ է արվել այս տարվա հունիսին Դիդիե Բուրկհալտերի Հայաստան կատարելիք այցելությանը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ։

Ժնևում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի և Հոնդուրասի արտաքին հարաբերությունների պետական քարտուղար Միրեյա Ագուերո դե Կորալեսի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG