Մատչելիության հղումներ

Պուտինը խոսել է Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցության մասին


Պուտինը խոսել է Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցության մասին
please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00

Պուտինը խոսել է Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցության մասին

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի երեկ տեղի ունեցած նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրասիական ինտեգրացիոն գործընթացը գրավում է ԱՊՀ-ի իրենց գործընկերներին:

Պուտինն ընդգծել է, որ հայկական կողմի հետ ընդունվել և հաջողությամբ իրականացվում է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմերին ու պահանջներին ադապտացվելու միջոցառումների ծրագիրը:

«Ուստի հնարավոր ենք համարում ձեռնամուխ լինել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի նախագծի պատրաստմանը: Իհարկե, այստեղ պետք է կշռադատել գործընթացի բոլոր մասնակիցների համար դրական ու բացասական կողմերը»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահի այս հայտարարության կապակցությամբ պարզաբանում խնդրեցինք էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից:

«Մենք ունենք հաստատված «ճանապարհային քարտեզ» և այդ դրա համաձայն, կախված նրանից, թե ինչպես ենք առաջ շարժվում, որոշակի աշխատանքները կատարելուց հետո պետք է անցնենք պայմանագրի նախապատրաստմանը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ Մաքսային միության հետ ինտեգրացիոն գործընթացը շարունակում է մնալ Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկը։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի երեկվա նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն տեղեկացրել է, որ մարտի 4-ին ներկայացվել է Հայաստանի աշխատանքային խմբի միջանկյալ զեկույցը: Ըստ Խրիստենկոյի, աշխատանքային խմբի երեք հանդիպում է եղել: Կողմերի ներկայացուցիչները եղել են տեղում, գնահատել, թե ինչ է արվում այսօր Հայաստանում այդ ուղղությամբ: Գնահատականը դրական է, ասել է Խրիստենկոն՝ հավելելով, որ մի շարք կետերով ծրագիրը ոչ միայն կատարվում է, այլ արդեն առաջանցիկ տեպմեր են արձանագրվում:

«Այդ առումով բոլորի մոտ բավականին դրական տրամադրվածություն է, որ Հայաստանը կարող է, ցանկանում է, և ինչ-որ չափով երևի նույնիսկ առաջանցիկ տեմպով է ընթանում հաստատված ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ»,- ասել է Խրիստենկոն:

Ի դեպ, կառավարության այսօրվա նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հաստատեց տնտեսագետների այն մտահոգությունը, որ Ուկրաինայի դեպքերն ու ռուսական ռուբլու արժեզրկումը բացասական հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի տնտեսության համար:

«2-3 հիմնական խնդիրներ կան։ Առաջինը վերաբերում է տրանսֆերտներին, որովհետև Ռուսաստանից եկող գումարները՝ արժեզրկված ռուսական ռուբլու պարագայում, մենք ավելի քիչ տրանսֆերտներ կստանանք։ Իհարկե, նաև մեր արտահանումները կարող են պրոբլեմներ ունենալ, որովհետև էլի ռուսական շուկայի տեսանկյունից մենք պետք է նկատի ունենանք, որ ցանկացած դեպքում ռուբլու էժանացումը չի նպաստի մեր արտահանմանը, ընդհակառակը...», - ասաց նախարարը։

Հարցին, թե ռիսկերի ավելացման դեպքում Հայաստանը կվերանայի՞ տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշը, թե՞ կփորձի ներքին տնտեսության հաշվին որոշակի քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար տնտեսական աճը, նախարարը պատասխանեց.- «Ընդհանրապես եթե լինում են արտաքին շոկեր, նման պարագայում քաղաքականության փոփոխություններ լինում են։ Ուղակի պետք է հասկանանք, թե ինչքան երկարաժամկետ են այդ փոփոխությունները, համենայնդեպս, մեր տեսանկյունից պետք է հնարավորություն ունենանք հասկանալու երկարաժամկետության ազդեցությունը տնտեսության վրա։ Եթե դա կարճաժամկետ է, ապա տնտեսական քաղաքականության էական փոփոխություն չենք կարող անել։ Եթե դա ավելի երկարաժամկետ խնդիր է, ապա պետք է անպայման պետք է վերանայվի տնտեսական քաղաքականությունը»,- ասաց Ավանեսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG