Մատչելիության հղումներ

«Ինջիղուլյանին խոշտանգումների ենթարկելը տրամաբանական չէ»


Գերիների պատանդների ու անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը չի կիսում մամուլում շրջանառվող այն տեսակետը, թե չի բացառվում, որ արդեն 7 ամիս գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ խոշտանգումներ են կիրառվել:

«Ազատության» հետ զրույցում Կապրիելյանն ընդգծեց, որ, ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարության, Ինջիղուլյանին, իր իսկ կամքի համաձայն և միջազգային ատյանների աջակցությամբ, պետք է տեղափոխեն երրորդ երկիր, հետևաբար բազմաթիվ են միջազգային զանազան ատյանների այցելությունները՝ Հակոբին անձամբ տեսնելու, նրա հետ զրուցելու, նրա կարծիքն իմանալու նպատակով։ Եվ այս պարագայում ավելի տրամաբանական է, որ ադրբեջանական իշխանությունները լավ լույսի ներքո երևալու համար Հակոբի նկատմամբ ֆիզիկական բռնություն չեն գործադրելու, որպեսզի միջազգային համապատասխան ատյանների ներկայացուցիչները չտեսնեն դա։

Կարմիր Խաչից էլ «Ազատությանը» փոխանցեցին, որ Մամիկոն Խոջոյանի ու Հակոբ Ինջիղուլյանի հարցը պետք է դիտարկել առանձին-առանձին։

«Այստեղ խոսքը գնում է տարբեր մարդկանց մասին, տարբեր համատեքստում հայտնված։ Մենք չենք խոսի մի դեպքը մյուսի հետ կապված լինելու մասին։ Նրանք տարբեր կարգավիճակներ ունեին Ադրբեջանում, բայց նույնիսկ սա մենք քննարկման չէինք դնի։ Մենք ո՛չ հաստատում, ո՛չ էլ բացառում ենք այդ մտահոգությունները, որովհետև մեկնաբանություններ անելիս մենք տալիս ենք գնահատականներ, իսկ մեր կազմակերպությունը գնահատականներ չի տալիս։ Այդուհանդերձ մեր կազմակերպությունը շարունակում է իր մանդատի համաձայն այցելել ու այցելում է բոլոր նրանց ովքեր, որ պահվում են հակամարտության այս կամ այն կողմում, համապատասխան իրենց ընթացակարգերի։ Գործն ընթանում է իր հիմնական հունով»,- ասաց Կարմիր Խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Իսկ ինչ վերաբերում է գործի ներկայիս ընթացքին, ապա Կապրիելյանը նշեց, որ թեև խիստ կասկածներ ունեն, որ Ինջիղուլյանն ինքնակամ է որոշել տեղափոխվել երրորդ երկիր, այդուամենայնիվ գործը բանակցային փուլում է, դրական տեղաշարժեր դեռևս չկան։

Հիշեցնենք, պաշտոնական տեղեկատվության համաձայն, տեսողության խնդիրներ ունեցող 22-ամյա հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը դիրքերում ծառայությունն իրականացնելու ժամանակ օգոստոսի 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել էր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի և ադրբեջանական զինված ուժերի շփման սահմանագիծը և հայտնվել հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG