Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Անցյալ շաբաթ բացահայտված մի շարք գաղտնալսված հեռախոսազրույցներում լսվել է, թե ինչպես է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարում իր որդուն ոստիկանությունից թաքցնել Ստամբուլի իր տանը պահված տասնյակ միլիոնավոր դոլարների կանխիկ գումարը:
Այս ցնցող բացահայտումը պատճառ դարձավ համատարած կոչերի` Էրդողանի հրաժարականի պահանջով, որը պնդում է, թե ձայնագրությունները կեղծ են կամ մոնտաժված: Սակայն պարզվել է, որ վարչապետի և նրա որդու խոսակցությունների ձայնագրություններն իսկական են, ըստ ամերիկյան Guarded Risk կիբեր ընկերության, որն իրականացրել է հեռախոսազանգերի մանրամասն դատափորձագիտական հետազոտություն:
Զավեշտալի է, որ Էրդողանը, ով իշխանության էր եկել որպես իսլամիստ` նպատակ հռչակելով կոռուպցիայի վերացումը թուրքական քաղաքականությունից, զոհ գնաց «իշխանությունը փչացնում է, բացարձակ իշխանությունը բացարձակապես է փչացնում» ասույթին...
Հեռախոսազանգերը գաղտնի ձայնագրվել էին այն օրը, երբ ոստիկանությունը ներխուժել էր նախարարների, հայտնի գործարարների և պետական բանկի կառավարչի տները: Նրանք բոլորն էլ մեղադրվում են կաշառակերության և կոռուպցիոն այլ դրսևորումների մեջ ներգրավված լինելու համար:
Ներկայացնում ենք հատվածներ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալի, գաղտնալսված հինգ հեռախոսազրույցներից.
Առաջին հեռախոսազանգը, 2013 թ. դեկտեմբերի 17-ին, ժամը 8:02-ին.
Էրդողան. - … Հանիր քո տնից այն ամենը, ինչ ունես, լա՞վ:
Բիլալ. - Ի՞նչն է որ ունեմ, հայրիկ: Քո փողը չհրկիզվող պահարանում է:
Էրդողան. - Հենց դրա մասին եմ խոսում….
Բիլալ. - Ի՞նչ պետք է անենք դրա հետ, հայրիկ: Որտե՞ղ պիտի դա տեղավորենք:
Էրդողան. - Հատուկ տեղերում, որոշ հատուկ տեղերում…. Արա՛ այդ:
Երկրորդ հեռախոսազանգը, ժամը 11:17-ին.
Բիլալ. - ... Իմ եղբայր [փեսա] Բերաթն այլ բան է առաջարկում: Նա ասում է, որ մենք դրա մի մասը պիտի տանք Ֆարուքին [Կալյունչի, շինարարական ընկերության նախագահ] այլ աշխատանքի համար, որպեսզի նա կարողանա դրանք գործի մեջ դնել նախորդների նման: Այդպես անե՞նք: Այդ ձևով մենք կարող ենք մի մեծ գումար դասավորել:
Էրդողան. - Միգուցե:
Բիլալ. - Լավ: Մյուս մասի համար, քանի որ բիզնես համագործակցություն ենք սկսել Մեհմեդ Գյուրի հետ [շինարարական խմբի ղեկավար], մտածում ենք դա տալ նրան, ասելով` «պահի՛ր սա, դու կարող ես այն օգտագործել հետագա ծրագրերի համար»: Այս ձևով մենք կարող ենք կրճատել այն, իսկ մնացածն էլ տեղափոխել մեկ այլ տեղ:
Էրդողան. - Լավ, շատ լավ, քանի դեռ անում ես.... Լավ կլինի, եթե անես.... Եթե դու կարողանաս բոլորը վերացնել:
Բիլալ. - Այո, Աստծո կամոք, այսօր բոլորը կվերացնենք...
Երրորդ հեռախոսազանգը, ժամը 15:39-ին.
Էրդողան. - Կատարեցի՞ր իմ բոլոր հանձնարարությունները:
Բիլալ. - Երեկոյան կավարտենք: Մի մասը դասավորենք. մենք դասավորել ենք Բերաթի մասը, հիմա, առաջին հերթին կկարգավորենք Մեհմեդ Գյուրի մասը, իսկ հետո մնացածը. դրանք կանենք մութն ընկնելուց հետո....
Էրդողան. - Ի՞նչ է արել Սումեյին [դուստրը]:
Բիլալ. - Նա դուրս է բերել, հանել դրանք, մենք խոսել ենք, և այլն:
Էրդողան. - Մի՛ խոսեք հեռախոսով միմյանց հետ:
Չորրորդ հեռախոսազանգը, ժամը 23:15-ին.
Բիլալ. - Ողջույն, հայրիկ, զանգահարում եմ, որ ... մենք հիմնականում արեցինք [այդ]: Դու հենց նոր ինձ զանգե՞լ ես, հայրիկ:
Էրդողան. - Ոչ, ես քեզ չեմ զանգել, դու ես ինձ զանգել:
Բիլալ. - Ինձ զանգահարել էին փակ համարից:
Էրդողան. - Երբ ասում ես «հիմնականում», արդյոք դու ամբողջովի՞ն վերացրել ես դա:
Բիլալ. - Դեռ չեմ զրոյացրել, հայրիկ: Բացատրեմ: Մենք դեռևս ունենք 30 միլիոն եվրո, որը մինչև հիմա չենք կարողացել վերացնել: Բերաթը մի առաջարկ ունի: Կար լրացուցիչ 25 միլիոն դոլար, որը պիտի ստանար Ահմեդ Չալիքը [գործարար]: Նրանք առաջարկում են դա տալ [նրան]: Երբ փողը ստանանք, մի բան կանենք, ասում են նրանք: Իսկ մնացած գումարով կարող ենք բնակարան գնել Շահրիզարից, ասաց նա: Ի՞նչ կասես, հայրիկ:
Էրդողան. - Ինչևէ, մենք կդասավորենք:
Բիլալ. - Այսպես անե՞նք:
Էրդողան. - Լավ, արա այդպես:
Բիլալ. - Ուզում ես դրանք բոլորը վերացնե՞մ, հայրիկ, կամ ուզո՞ւմ ես որոշ գումար քեզ համար:
Էրդողան. - Ոչ, դա չի կարելի թողնել, որդիս: Դու պիտի փոխանցես դրանք ուրիշներին, կարող ես դրանք փոխանցել Մեհմեդի հետ:
Բիլալ. - Այո, տվել ենք նրանց: Մենք տվել ենք 20 [միլիոն] դոլար նրանց:
Էրդողան. - Ի սեր Աստծո, առաջին հերթին դու պիտի դրանք փոխանցես: Դու կարող ես հետո դրանք անել...
Բիլալ. - Այս պահին մենք կարողացանք այսքանը տալ: Դժվար է արդեն, այն շատ տեղ է զբաղեցնում: Մի մասը տեղավորել ենք մեկ այլ տեղ, մի մասը տվել ենք Թունջին, և հետո...
Էրդողան. - Ամբողջը փոխանցել էիր Թունջի՞ն:
Բիլալ. - Նրանք հարցրել են, ես հասկացա, որ նա կարող է վերցնել միայն 10 միլիոն եվրո:
Էրդողան. - Ինչևէ, մի խոսիր սրանով [հեռախոսով]:
Բիլալ. - Լավ, ուրեմն, կդասավորենք:
Էրդողան. - Լավ, արա այդ: Ես չեմ կարող գալ այս գիշեր: Մնում եմ Անկարայում:
Հինգերորդ հեռախոսազանգը, 2013 թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 10:58-ին.
Էրդողան. - Որոշեցի զանգահարել, տեսնել որևէ նորություն կա:
Բիլալ. - Ոչ, ոչ մի բան: Աստծո օգնությամբ ավարտեցինք, ինչ մեզ հանձնարարել էիր:
Էրդողան. - Ամե՞ն ինչ է վերացվել:
Բիլալ. - Ամբողջությամբ... Ինչպե՞ս ասեմ: Ինձ մոտ էր Սամանդիրայի և Մալթեփիի գումարը` 730 հազար դոլար և 300 հազար թուրքական լիրա: Սրանք ևս կկարգավորեմ: Մենք պարտք ենք 1 միլիոն թուրքական լիրա Ֆաիք Իշկին. ես դա կտամ նրան և կասեմ, որ մնացածը փոխանցի ակադեմիային:
Էրդողան. - Բացեիբաց մի՛ խոսիր:
Բիլալ. - Չանե՞մ:
Էրդողան. Ոչ, հասկացա՞ր:
Բիլալ. - Լավ, հայրիկ:
Էրդողան. - Ես նկատի ունեմ, որ քեզ մոտ ոչինչ չպահես, լինի դա Սամանդիրա կամ այլն... Ուղարկիր այնտեղ, որտեղ որ պետք է, ինչո՞ւ ես պահում մոտդ:
Բիլալ. - Լավ, հայրիկ, բայց ես կարծում եմ, որ մենք հսկողության տակ ենք:
Էրդողան. - Այն, ինչի մասին ես քեզ ասում էի հենց սկզբից...
Բիլալ. - Բայց անվտանգության աշխատակիցնե՞րն են մեզ հետևում, հայրիկ:
Էրդողան. - Տղաս, քեզ գաղտնալսում են:
Բիլալ. - Բայց նրանք նաև տեսահսկում են մեզ:
Էրդողան. - Կարող է ճիշտ լինել: Հիմա, մենք որոշ բաներ արել ենք Ստամբուլի ոստիկանական վարչությունում:
Այնուհետև լրացուցիչ ձայնագրություններ են ի հայտ եկել, որոնցում Էրդողանն ու նրա որդին խոսում են մի թուրք գործարարի առաջարկած 10 միլիոն դոլարի կաշառքը ոչ բավարար լինելու պատճառով մերժելու մասին:
Էրդողանը կարող է կորցնել ոչ միայն վարչապետի իր պաշտոնը և մոտ ապագայում նախագահ դառնալու հնարավորությունը, այլ նաև կարող է ենթարկվել երկարատև ազատազրկման իր հանցագործությունների համար:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի