Մատչելիության հղումներ

Բուդաղյանների փաստաբանի բողոքը՝ Վերաքննիչ դատարանում


Հայաստան -- Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը Գորիսում, արխիվ
Հայաստան -- Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը Գորիսում, արխիվ
Մարտի 21-ին Վերաքննիչ դատարանը պետք է քննի Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Առաջին ատյանի դատարանը, ամիսներ շարունակ հետաձգելով նախապես նշանակված դատական նիստերը, ի վերջո կասեցրել էր քննիչի երեք որոշումների դեմ ներկայացրած բողոքների քննությունը: Այժմ Հայկ Ալումյանը Վերաքննիչում վիճարկում է բողոքների քննությունը կասեցնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Խոսքը Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ հարուցված քրեական գործը բացառապես նրա մահվան պատճառով կարճելու որոշումների մասին է:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը քննիչի որոշումները որակում է «ակնհայտ անհիմն և անօրինական»:

«Հիմքեր կան ենթադրելու, որ քննիչի և դատախազի որոշումները կայացվել են առանձնապես ծանր հանցագործության պարտակման ուղղակի դիտավորությամբ», - առաջին ատյանի դատարանին ներկայացրած իր բողոքում գրել էր Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք՝ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը, ամիսներ առաջ հրապարակավ ցուցադրելով Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցածի չմոնտաժված տեսանյութը, հայտարարել էր, թե նախաքննական մարմնի պնդումը, որ մարզպետի կողմնակիցները դիմել են ինքնապաշտպանության, չի համապատասխանում իրականությանը: Նախաքննական մարմնի կայացրած որոշումները առաջին ատյանի դատարանում վիճարկելով՝ Հայկ Ալումյանը պահանջել էր տրամադրել այն բոլոր նյութերը, որոնց հիմքով քննիչ Ալեքսան Ղազարյանը կայացրել է վիճարկվող որոշումները: Սակայն, առաջին ատյանի դատարանի նախագահը «անհաղթահարելի ուժ» էր դիտարկել այն հանգամանքը, որ քննիչը հրաժարվում է տրամադրել անհրաժեշտ նյութերը՝ կասեցնելով վիճարկվող որոշումների քննությունը:

«Եթե դատարանի համար քննիչը քմահաճույքը անհաղթահարելի ուժ է, ուրեմն ողբամ ես այդպիսի դատարանի վիճակը», - ասում է Հայկ Ալումյանը:

Հունիսի 1-ի սպանությունից հետո ժամանակ առ ժամանակ լուրեր են շրջանառվում, թե Սուրիկ Խաչատրյանը մտադիր է ընտանիքով հեռանալ Հայաստանից: «Ազատության» հետ զրույցում նախկին մարզպետը «անհեթեթություն» որակեց նման պնդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG