Մատչելիության հղումներ

Նալբանդյան. ԼՂ հարցում Հայաստանի մոտեցումները վայելում են միջազգային հանրության աջակցությունը


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

Դիվանագետի օրվա կապակցությամբ իր խոսքում արտգործնախարարը պնդում է, որ Մաքսային միությանը անդամակցելու որոշումը բխում է Հայաստանի տնտեսական և ռազմավարական շահերից։

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ ջանքեր է գործադրում՝ հիմնահարցի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի հիման վրա հանգուցալուծման ուղղությամբ: Այդ մասին հայտարարում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա կապակցությամբ իր խոսքում։

«Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հինգ համատեղ հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ վկայում են, որ Հայաստանի մոտեցումները ոչ միայն ըմբռնելի են, այլ նաև վայելում են միջազգային հանրության աջակցությունը», - հավաստիացնում է Հայաստանի արտգործնախարարը։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին՝ Նալբանդյանը նշում է. - «Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին մեր դիվանագիտությունը հետամուտ է դրա՝ որպես մարդկության դեմ իրականացրած ծանրագույն հանցագործության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը։ Հայաստանը միջազգային բեմահարթակում հետևողականորեն բարձրաձայնում է մարդկության դեմ նմանատիպ ոճիրների կանխարգելման անհրաժեշտությունը, հանդես գալիս համապատասխան նախաձեռնություններով, ինչպես դա եղավ անցյալ տարի Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում կոնսենսուսով մեր նախաձեռնությամբ առաջադրված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի ընդունումը»:

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի առնչությամբ Էդվարդ Նալբանդյանը, արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ասում է. - «2013 թվականը նշանավորվեց Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու որոշմամբ, որը բխում է Հայաստանի տնտեսական և ռազմավարական շահերից»։

Միաժամանակ, նա նշում է, որ «Հայաստանը և Եվրոպական միությունը երկուստեք վերահաստատեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում համապարփակ
համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու հանձնառությունը»։

«Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրում սերտացնելու իր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, զարգացնելու բարեկամական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, խորացնելու փոխգործակցությունը եվրոպական, ասիական երկրների հետ, ընդլայնելու փոխհարաբերությունների աշխարհագրությունը», - հայտարարում է Էդվարդ Նալբանդյանը։

«Մեր դիվանագիտության ուշադրության կենտրոնում է գտնվում տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի զարգացումը, խորհրդարանական դիվանագիտությանն օժանդակումը, Հայաստան - Սփյուռք կապերի ամրապնդումը, ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, արտերկրում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը, տարբեր երկրներում բնակվող մեր քաղաքացիների շահերի պաշտպանությունը, հատկապես ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին սատարումը», - ընդգծում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` շարունակելով. - «Այսօր Սիրիայում պատերազմի պայմաններում աշխատող կամ տարբեր հարթակներում մեր երկրի շահերին վնասող տարաբնույթ փորձերին հակազդող, մեր Հայրենիքի դրոշը բարձր պահող հայ դիվանագետները դիվանագիտական ծառայության համակարգի այն դերակատարներն են, առանց որոնց այս համակարգը չի լինի կուռ և կանգուն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG