Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները գիշերը անցկացրին Մյասնիկյանի արձանի մոտ


Մարտի 1-ի երեկոյան, ժամը 9-ի սահմաններում Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ ժամանեցին Քաղաքացիական պայմանագրի անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը և ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը:

Նրանք ծաղիկներ դրեցին արձանի պատվանդանին ու մոտեցան իրենց սպասող մի քանի տասնյակ աջակիցների: Սասուն Միքայելյանն ասաց, թե որոշել են միտինգային ձևաչափից դուրս հարգանքի տուրք մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին և գիշերը լուսացնել արձանի մոտ:

«Չկարողացանք 2008 թվականի մարտի 2-ին լուսաբացը դիմավորել, և անկասկած մեր այդ լուսաբացը կբացվի մեր ժողովրդի գլխին և այս իշխանությունները կհեռանան, ժողովուրդը կսկսի խաղաղ կյանքով ապրել: Իշխանությունը 2008 թվականի մարտի 1-ին կրակեց մեր հիմնի ուղղությամբ, կրակեց մեր զինանշանի վրա, կրակեց մեր եռագույնի վրա, կրակեց մեր Եռաբլուրի վրա, որովհետև Երևանի սրտում գնդակահարվեցին 10 անմեղ զոհեր՝ ազատություն բառը շուրթերին», - լրագրողների հետ զրույցում ասաց Միքայելյանը:

Քանի դեռ կան այսօրվա իշխանությունները, Մարտի 1-ը չի բացահայտվի, ասում է Միքայելյանն ու հավելում․ - «Եթե այս իշխանությունը Մարտի 1-ը ուզեր բացահայտել, կբացահայտեր: Կամ էլ չէր անի: Բայց չի էլ կարող չբացահայտել: Ժամանակի խնդիր է»:

Սասուն Միքայելյանն անդրադարձավ նաև խորհրդարանական 4 ոչ իշխանական ուժերի կառավարության հնարավոր հրաժարականի մասին հարցին, ասելով․ - «Եթե ուրիշ վարչապետ դրվի՝ ոչ Հանրապետական կուսակցությունից, բնական է՝ չի կարող գործել, որովհետև մեծամասնություն է կազմում Ազգային ժողովում Հանրապետական կուսակցությունը: Այդտեղից ես հասկանում եմ, որ երևում է Ռոբերտ Քոչարյանի ականջները»:

«Քաղաքացիական պայմանագիր» միավորման հետագա գործունեության վերաբերյալ Միքայելյանն ասաց հետևյալը․ - «Մեր հիմնական նպատակը՝ մենք ունենանք այս երկրում վերջիվերջո մի անգամ լեգիտիմ նախագահ: Մենք դա ենք ուզում անել: Ով ուզում է, թող թեկնածություն դնի: Ճնշում չլինի այս երկրում, մարդ ազատ գնա իր ձայնը տա իր ուզած թեկնածուին»:

«Հանրապետությունում պետք է նոր ուժ ծնվի», - ասում է Միքայելյանը, - «Այսօր ժողովուրդն առավել ևս պատրաստ է գնալ իշխանափոխության, քան 2008-ին: Բայց մենք պիտի ուժ ձևավորենք, որ թույլ չտանք այս իշխանությունները նման ձևի բռնի ուժով գան իշխեն»:

Քանի որ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը առողջական խնդիրներ ուներ, նրա փոխարեն Սասուն Միքայելյանի հետ գիշերը Մյասնիկյանի արձանի մոտ լուսացրեց որդին՝ Աշոտը: Սասուն Միքայելյանի ու Աշոտ Փաշինյանի հետ գիշերը լուսացրեցին նաև նրանց աջակիցները, իսկ այսօր առավոտյան Մարտի 1-ի տասը զոհերի անուններով ցուցանակներ տեղադրելով Մյասնիկյանի արձանի պատվանդանի մոտ՝ եզրափակեցին ակցիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG