Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Այս որոշումները նոր հնարավորություններ են ընձեռում մեր գործարարներին»


Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը և Վրաստանի` Եվրամիության հետ Ազատ առևտրի համաձայնագրի կնքումը չեն խոչընդոտի երկու երկրների հարաբերություններին: Այս մասին այսօր Վրաստանի նախագահի հետ համատեղ հայտարարության ժամանակ վստահեցրեց Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ այսօրվանից մեկնարկել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի պաշտոնական այցը Հայաստան: Երկու երկրների ղեկավարները այսօր բանակցել են նեղ, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով:

«Մենք միակարծիք ենք, որ մեր երկրների ընտրությունները, կապված մեր տնտեսական զարգացման հետ, երբեք չպետք է խոչընդոտեն մեր տնտեսական հարաբերություններին: Ավելի պարզ եթե ասենք, Հայաստանի Հանրապետության որոշումը` միանալու Մաքսային միությանը, և Վրաստանի որոշումը` Ազատ առևտրի պայմանագիր կնքելու Եվրամիության հետ, մեր համոզմամբ չեն խոչընդոտի մեր տնտեսական հարաբերություններին: Ընդհակառակը, այս որոշումները նոր հնարավորություններ են ընձեռում մեր գործարարներին», - իր խոսքում, մասնավորապես, ասաց Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանն ասաց, որ Վրաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են Հայաստանի մասնակցությանը Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին, վրացի գործընկերներին ծանոթացրել են այդ ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքներին և հետագա ծրագրերին:

«Անշուշտ, նաև այն փաստարկների և մեր մոտեցումների ամբողջությունը, որի հիման վրա մենք կատարեցինք մեր ընտրությունը` միանալու Մաքսային միությանը», - հավելեց Սերժ Սարգսյանը:

Գիորգի Մարգվելաշվիլին էլ, իր հերթին անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի տնտեսական զարգացման տարբեր ուղղություններին, հետևյալ հայտարարությունն արեց. - «Չնայած որ մեր քաղաքական վեկտորները տարբերվում են, մենք միատեսակ դիրքորոշում ունենք մեր հարաբերությունների զարգացման մասին և փոփոխությունները լինելու են միայն պոզիտիվ և մենք պետք է ամեն ինչ անենք մեր հարաբերությունների զարգացման և խորացման համար»:

Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշմանն անդրադառնալուց բացի Հայաստանի և Վրաստանի նախագահները խոսել են նաև հարավկովկասյան տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերի մասին, ինչպես Սերժ Սարգսյանն ընդգծեց` որպես տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման կարևոր բաղադրիչի: Կողմերը կարևորել են միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությունը, միմյանց զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշման պահպանումը:

Ընդգծելով, որ հայ-վրացական գործընկերության ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից է` Սերժ Սարգսյանը փաստեց, որ վերջին ժամանակաշրջանում արձանագրվել է երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացում, նկատելիորեն ակտիվացել են փոխայցելությունները, որոնք քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վկայությունն են:

«2013 թվականին տեղի է ունեցել մեկ վարչապետական և 15 նախարարական այցելություններ: Ես կարծում եմ` սա լավ քանակ է և խոսում է մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին», - նշեց Հայաստանի նախագահը:

Գեորգի Մարգվելաշվիլին էլ կարևորեց Վրաստանում ապրող հայերի դերը երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքում: Ըստ Վրաստանի նախագահի դրա լավագույն ապացույցը իր գլխավորած պատվիրակության կազմում ազգությամբ հայ պատգամավորների առկայությունն է:

«Մենք ընդգծել ենք, որ մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության այցելությունը և մենք արդեն հրավիրել ենք Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ մենք ունենք միևնույն դիրքորոշումը բոլոր հարցերի վերաբերյալ և հույս ունենք, որ բոլոր հարցերը կարգավորվելու են հենց այդ մոտեցումներով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահ, պարոն Սերժ Սարգսյանին` հյուրընկալության և ընդունելության համար», - ասաց Վրաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանն էլ իր հերթին ևս մեկ անգամ շնորհավորեց Գեորգի Մարգվելաշվիլիին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` վերահաստատելով բարեկամության և ներդաշնակության ոգով աշխատելու Հայաստանի պատրաստակամությունը: Սերժ Սարգսյանը նաև Վրաստանի նախագահին խնդրեց իր շնորհակալությունը փոխանցել նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին` «այն բանի համար, որ նա իր մասնավոր հիմնադրամից միջոցներ է հատկացրել Թբիլիսիում գտնվող հայկական եկեղեցիներից մեկը վերանորոգելու համար»:

Հավելենք, որ Վարաստանի նախագահը այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին, այնուհետ ծառ է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:
XS
SM
MD
LG