Մատչելիության հղումներ

Մինչև դեկտեմբեր կպատրաստվի ՀՀ-ԵՄ համագործակցության նոր փաստաթուղթը


Երեքշաբթի Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի 15-րդ նիստը:

Արթուր Բաղդասարյանը, Անվտանգության խորհրդի լրատվական ծառայության փոխանցմամբ, տեղեկացրել է, որ նիստում քննարկվելու է ՀՀ-ԵՄ գործողությունների նոր ծրագիրը։

«Ծրագիրն իրենից ներկայացնում է շուրջ 160 ուղղություններով բարեփոխումների շարունակում, որը ընդգրկում է մեր երկրի պետական և հանրային կյանքի բոլոր ոլորտները»,- նշել է Բաղդասարյանը:

ԱԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ի գործընկերներին, խորհրդատվական խմբին համատեղ աշխատանքների, ակտիվ առաջարկների համար, ինչը, նրա խոսքով հնարավորություն է տվել ունենալ հաջողված փաստաթուղթ:

«Սա շատ լավ հիմք է նաև հետագայում աշխատելու ՀՀ-ԵՄ համագործակցության նոր փաստաթղթի վրա և մենք կարծում ենք, որ մինչև դեկտեմբերյան ԵՄ խորհրդի նիստը մենք կարող ենք պատրաստել այդ փաստաթուղթը և ձևավորել մեր օրակարգը»,- ասել է Բաղդասարյանը` հավելելով, որ իրենք դիմել են եվրոպացի գործընկերներին շարունակելու խորհրդատվական խմբի առաքելությունը Հայաստանում, և կա դրական արձագանք:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր խոսքում նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Ամփոփելով խմբի իրականացրած աշխատանքները՝ դիվանագետը նվաճումների թվում ընդգծել է հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵՄ ու Հայաստանի միջև ռեադմիսիայի ու վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը: Հրիսթեայի գնահատականով՝ դա շատ լուրջ քայլ է: Տրայան Հրիսթեան, ընդհանուր առմամբ, խմբի աշխատանքը բարձր է գնահատել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG