Մատչելիության հղումներ

Լրագրողի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել


Լրագրող Անի Գևորգյան, արխիվ
Լրագրող Անի Գևորգյան, արխիվ
Լրագրող Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` Քրեական օրենսգրքի 164-րդ և 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

«Ըստ քաղաքացի Անի Գևորգյանի հաղորդման` 2014 թվականի փետրվարի 12-ին` ժամը 18-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում ոստիկանության ծառայողները խոչընդոտել են իր` լրագրողի մասնագիտական գործունեությանը, փորձել են խլել տեսախցիկը, ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ վերցրել ու չեն վերադարձրել տեսախցիկի հիշողության քարտը և բռնություն գործադրել իր նկատմամբ: Կատարվում է նախաքննություն», - ասված է Հատուկ քննչական ծառայության տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունում:

Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի երկրորդ մասը պատասխանատվություն է սահմանում պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, 309-րդ հոդվածի երկրորդ մասը՝ պաշտոնատար անձի կողմից բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով իր պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: Այդ արարքների համար Քրեական օրենսգրքով նախատեսված ամենամեղմ պատիժը ուղղիչ աշխատանքներն են՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, իսկ ամենախիստ պատիժը երկուսից վեց տարվա ազատազրկումն է՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով:

Անի Գևորգյանը Հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել անցած շաբաթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG