Մատչելիության հղումներ

Նախատեսվում է խստացնել հակածխախոտային օրենսդրությունը


Առողջապահության նախարարության մշակած օրինագծով առաջարկվում է արգելել ծխելը բոլոր հանրային վայրերում՝ ներառյալ սրճարաններն ու ռեստորանները:

«Շուտով [օրինագիծը] կուղարկենք Ազգային ժողով, թե որտեղ ենք արգելում ծխելը: Բոլոր փակ տարածքներում արգելելու ենք, այդ թվում նաև ռեստորաններում, սրճարաններում, տարբեր հաստատություններում, օֆիսներում», - անցած տարեվերջին տեղեկացրել էր նախարար Դերենիկ Դումանյանը:

Գործող օրենքը ծխելն արգելում է հասարակական տրանսպորտում, բուժհաստատություններում, կրթական և մշակութային հաստատություններում, սակայն, հայտնի է, որ ոչ բոլորն են խստորեն պահպանում այն: Նախարարն այս կապակցությամբ ասել էր․ - «Բացառելու ենք բուժհիմնարկներում, կրթական հիմնարկներում: Դրանք արդեն օրենքով կարգավորված պետք է լինեին, բայց մենք երբևիցե սրանց չենք հետևել: Այսուհետև հետևելու ենք»:

Դումանյանն ասել էր, որ առաջարկել են նաև խախտումների համար նախատեսել համարժեք տուգանքներ:

Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության բաժնի փոխդեկան Վարդուհի Պետրոսյանը ևս նշում է, որ լուրջ խնդիրներ կան հակածխախոտային օրենքի կիրառման հարցում, անգամ բժիշկները, որ, նրա խոսքով, պետք է ծխելու դեմ պայքարի առաջամարտիկները լինեն, շարունակում են ծխել աշխատավայրում․- «Մեր կատարած ուսումնասիրությունների արդյունքում մենք գիտենք, որ ծխելու տոկոսը մեր բժիշկների մոտ շատ բարձր է»:

Պետրոսյանը, այդուհանդերձ, համարում է, որ վերջին տասը տարիների պայքարը արդյունք տվել է։

Մայրաքաղաքի ռեստորանային համալիրներից մեկի աշխատակիցը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ավելի ու ավելի է աճում այն այցելուների թիվը, ովքեր նախընտրում են չծխողների համար նախատեսված սրահները:

«Ազատության» փոքրիկ հարցախույզը ռեստորանների ու սրճարանների այցելուների ու պարզապես անցորդների շրջանում վերհանեց հակադիր կարծիքներ․ հարցվածների մի մասը դրական է գնահատում հակածխախոտային օրենքների խստացումը, իսկ մյուսները համարում են, որ ծխող մարդը ցանկացած պայմաններում կշարունակի ծխել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG