Մատչելիության հղումներ

Դավութօղլու․ «Սահմանի բացմանը նախապատրաստվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»


Գյանջայում այսօր կայացել է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, որից հետո Էլմար Մամեդյարովը, Մայա Փանջիկիձեն, և Ահմեթ Դավութօղլուն հանդիպման արդյունքներն ամփոփող հռչակագիր են ստորագրել:

Հանդիպման ավարտին տեղի ունեցած համատեղ ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, մեկնաբանելով հայ - թուրքական հարաբերությունների հնարավոր նորմալացմանը և սահմանի բացման նախապատրաստական աշխատանքներին վերաբերող լուրերը, հայտարարել է որ այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:

Դավութօղլուն հավելել է, որ Թուրքիայի դիրքորոշումը հստակ է և չի փոփվել. քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, Հայաստանի հետ սահմանը չի բացվի:

Վրաստանի, Արդբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են նաև Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու կառուցման հարցը` պայմանավորվելով արագացնել աշխատանքները և այն շահագործման հանձնել այս տարվա ավարտին կամ 2015 թվականի սկզբին:

Արդբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը հավելել է, որ Ադրբեջանը ակտիվ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի հետ` հետագայում հենց այդ երկաթուղով Աֆղանստան բեռներ տեղափոխելու վերաբերյալ:

Դավութօղլուի խոսքով` բոլոր երեք երկրները ջանքեր են գործադրում, որ այդ նախագիծը իրագործվի մոտ ժամանակներում:

Երեք արտգործնախարարները պայմանավորվել են տարեվերջին հանդիպել Կարսում, նաև հայտարարել են, որ աշխատանքներ են տարվում երեք երկրների նախագահների ձևաչափով հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն մեսխեթցի թուրքերի Վրաստան վերադարձին անդրադառնալով` հայտարարել է, որ արդեն շուրջ հազար մեսխեթցի թուրքեր վերադարձել են իրենց հայրենիք: Փանջիկիձեն նշել է, որ երկկաղաքացիության հետ կապված որոշակի վիճահարույց խնդիրներ կան, սակայն այդ բոլոր խնդիրները կլուծվեն Եվրամիության օգնությամբ:

Սա արդեն երեք արտգործնախարարների ձևաչափով երրորդ հանդիպումն է: Նախորդը տեղի ունեցել 2013 թվականի մարտին Բաթումիում: Այս ձեւաչափով հանդիպումների հիմքը դրվել է 2012 թվականի հունիսին Տրապիզոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG