Մատչելիության հղումներ

Գայանե Ավագյանը` ուզբեկական կոռուպցիոն սկանդալի գլխավոր դերակատար


Գայանե Ավագյանը` ուզբեկական կոռուպցիոն սկանդալի գլխավոր դերակատար
please wait

No media source currently available

0:00 0:02:45 0:00

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի դստեր` Գուլնարա Քարիմովայի շուրջ դեռ ամիսներ առաջ ծագած կոռուպցիոն սկանդալը գնալով ավելի է խորանում:

Երկուշաբթի երեկոյան նախագահի դստերը պատկանող մի շարք ընկերություններում թույլ տրված խախտումները հետաքննող Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց: Դրա համաձայն՝ քրեական այդ գործի շրջանակներում բերման են ենթարկվել Քարիմովայի մերձավորագույն շրջապատի գրեթե բոլոր ներկայացուցիչները, այդ թվում նրա մտերիմ ընկերուհի 28-ամյա Գայանե Ավագյանը:

Տաշքենտում բնակվող հայազգի այս կնոջ մասին բաց աղբյուրներում առկա տեղեկությունները հատուկենտ են: Հայտնի է միայն, որ Ավագյանը ծնվել է 1985 թվականին հուլիսին, ղեկավարում է Քարիմովայի հետ անմիջական առնչություն ունեցող օֆշորային մի շարք ընկերություններ: Դրան էլ գումարած, ըստ ռուսական աղբյուրների, Ավագայնին է պատկանում Coca Cola Uzbekistan ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը։ Իր սրընթաց բիզնես կարիերան էլ հայազգի այս կինը սկսել է մի քանի տարի առաջ` գլխավորելով նախագահի դստերը պատկանող «Նորաձևության տունը»:

Ավագյանի անունը սկանդալային համատեքստում առաջին անգամ հայտնվեց մոտ մեկուկես տարի առաջ` 2012-ի ամռանը, երբ Շվեդիայի հանրային հեռուստաընկերությունը վավերագրական մի ֆիլմ նկարահանեց` պատմելով Քարիմովայի կոռուպցիոն գործարքների մասին: Շվեդ հետաքննող լրագրողները փաստերով ապացուցում էին, որ Սկանդինավիայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերությունը` Teliasonera-ն, 320 միլիոն դոլարի կաշառք է վճարել Քարիմովային` Ջիբրալթարում գրանցված Takilant ընկերության միջոցով: Takilant-ի հիմնադիրը Գայանե Ավագյանն է: Լոնդոնում գործում է նաև ընկերության դուստր ձեռնարկությունը` Panally-ն:

«Հայտնի է, որ Ավագյանը Գուլնարա Քարիմովայի աջ ձեռքն է»,- նշում էին շվեդական ֆիլմի հեղինակները` հավելելով, որ այդ 320 միլիոնն այն գինն էր, որ վճարեց ընկերությունը բջջային կապի ուզբեկական շուկա մուտք գործելու իրավունք ստանալու համար:

Ուզբեկական ընդդիմությունը ևս պնդում է, որ Ավագյանը գոնե այս պահին Քարիմովայի մերձավոր զինակիցն է և նրա կողմից կառուցվող բիզնես սխեմաների կարևոր դերակատարը:

«Գայանե Ավագյանը այնպիսի մեծ վստահություն է ձեռք բերել Գուլնարա Քարիմովայի մոտ, որ վերջին հինգ-վեց տարիներին նա ստանձնել է անգամ որոշ ֆինանսական գործողությունների ղեկավարությունը»,- շվեդական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշում էր ուզբեկ քաղաքագետ Քամալեդին Ռաբիմովը:

Շվեդական լրատվամիջոցների ուշադրությունը Teliasonera-ի արտերկրյա գործողությունների նկատմամաբ պատահական չէ: Շվեդական օրենսդրության համաձայն՝ նույնիսկ երկրի սահմաններից դուրս Շվեդիայի քաղաքացու կողմից տրված կաշառքը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Չնայած դրան Teliasonera-ի փոխնախագահ Սեսիլիա Էդստրյոմը դեռ 2012-ին հաստատել էր, որ ընկերությունը Ավագյանին պատկանող օֆշորային ընկերությանն է վճարել 320 միլիոն ամերիկյան դոլար:

«Մենք վճարել ենք այդ գումարն այն ընկերությանը, որին պատկանում էին բջջային կապի հաճախությունները: Մենք սկզբում պարզեցինք, որ ընկերությունը ներկայացնող անձը ուներ գործարքը կնքելու իրավունք: Կայի՞ն արդյոք այլ մարդիկ նրա թիկունքում, մենք չենք հստակեցրել»,- նշում է շվեդական ընկերության ղեկավարը` փաստորեն հաստատելով տեղեկությունները, որ Teliasonera-ն ավելի քան 300 միլիոն դոլար է վճարել նոմինալ առումով Գայանե Ավագյանին, իսկ իրականում Ուզբեկստանի նախագահի դստերը պատկանող ընկերությանը` միջինասիական այս պետությունում բիզնես ծավալելու իրավունք ստանալու համար:

Ի դեպ, Ավագյանի գործունեությունն այս պահին հետաքննում են ոչ միայն Շվեդիայի և Ուզբեկստանի, այլև Շվեյցարիայի իրավապահները: Այստեղ նրան մեղադրում են կոռուպցիոն ճանապարհով Ուզբեկստանում վաստակած փողերի լվացումը շվեյցարական բանկերի միջոցով իրականացնելու մեջ: Խոսքը նաև այն 320 միլիոն դոլարի մասին է ,որ Ավագյանին և Քարիմովային է վճարել շվեդական Teliasonera-ն:

«Ավագյանի անունը շոշափվում է այս հետաքննության շրջանակներում և շվեյցարացի քննիչների համար նա բավական առանցքային դերակատարություն ունի այս ողջ պատմության մեջ»,- նշում է շվեյցարացի հետաքննող լրագրող Իվ Շտայները:

Հավելենք, որ Գուլնարա Քարիմովայի դիրքերն Ուզբեկստանում սկսեցին թուլանալ մի քանի ամիս առաջ երբ սրվեցին նրա հարաբերությունները հոր` 80-ականների վերջից անընդմեջ հանրապետությունը ղեկավարող Իսլամ Քարիմովի հետ:

Տեղական և արևմտյան աղբյուրների պնդմամբ՝ Քարիմովը դստեր հետ խզեց կապերն այն բանից հետո, երբ երկրի հատուկ ծառայությունները նրան տեղեկացրեցին Գուլնարայի նախագահական հավակնությունների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG