Մատչելիության հղումներ

170 հազար ՀՀ քաղաքացի խախտել է Ռուսաստանի միգրացիոն օրենքը


Հայ աշխատանքային միգրանտները օդանավակայանում, արխիվ
Հայ աշխատանքային միգրանտները օդանավակայանում, արխիվ
Ռուսաստանի միգրացիոն օրենքը չի խստացվել, անգամ դյուրացվել է, պարզապես գործընթացը կանոնակարգվել է, ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ Սվետլանա Ստեպանովան։

Խոսքը Ռուսաստանում հունվարի 1-ից գործող առանց վիզայի ռեժիմի մասին է, որով Ռուսաստանի տարածքում գտնվող և պաշտոնական աշխատանքային պայմանագիր չունեցող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանվում է երկրում գտնվելու առավելագույնը 90-օրյա ժամկետ։ Սա սեզոնային աշխատանքի մեկնող հայ միգրանտների համար խիստ մտահոգության առիթ է դարձել, քանի որ երեք ամիսը շատ քիչ է բավարար գումար վաստակելու և Հայաստանում գտնվող հարազատներին պահելու համար։

Ստեպանովան ասում է՝ անհանգստության կարիք չկա, և առանց աշխատանքային պայմանագրի երեք ամսից ավելի հնարավոր է օրինական գտնվել Ռուսաստանում, եթե օտարերկրյա քաղաքացին արտոնագիր ձեռք բերի՝ մեկ ամսվա համար վճարելով 1000 ռուսական ռուբլի (մոտ 12 հազար դրամ)։

«Եթե վճարես և միգրացիոն ծառայությունում հաշվառման կանգնես, կարող ես դուրս չգալ երկրից։ 1000 ռուբլին միլիոն չէ և բոլորը լավ հասկանում են, որ դա կարելի է հեշտությամբ անել։ Գնում ես միգրացիոն ծառայություն ու հանձնում փաստաթղթերդ։ Տասն օրվա ընթացքում քեզ արտոնագիր է տրամադրվում։ Յուրաքանչյուր ամիս կարելի է որևէ բանկում վճարել այդ հազար ռուբլին և հանգիստ գտնվել երկրում»,- պարզաբանեց դեսպանատան ներկայացուցիչը։

Նոր կարգից, սակայն, չեն կարող օգտվել նրանք, ովքեր այսօր գտնվում են Ռուսաստանում և արդեն իսկ խախտել են օրենքը՝ չունենալով բնակվելու կամ աշխատելու իրավունք այնտեղ են երեք ամսից ավելի։ Հայաստանցիները այս խմբում մոտ 170 հազար են կազմում։

«Նրանցից ոմանք անօրինական աշխատում են, ոմանք ուղղակի ապրում են, ոմանք էլ չգիտենք՝ ինչով են զբաղվում, բայց մեր տվյալների բազայում գրանցված են և եթե դուրս գան Ռուսաստանից, ապա նրանց մուտքը կարգելվի»,- ասաց Ստեպանովան՝ շարունակելով.- «Այս քաղաքացիների մուտքը կարգելվի երեք տարով»։

Արգելքը գործում է նաև այն դեպքում, երբ, օրինակ, անձը երկու և ավելի անգամ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները կամ վարչական այլ խախտում է կատարել, եթե անգամ վճարել է տուգանքը։

Ռուսաստան հինգ տարվա ընթացքում չեն կարող վերադառնալ այն մարդիկ, ովքեր արտաքսվել են երկրից։ 2013-ի ընթացքում Ռուսաստանը փակել է մուտքը մոտ 23 հազար ՀՀ քաղաքացիների համար, իսկ ընդհանուր առմամբ 31 հազարից ավելի հայաստանցիներ այսօր չեն կարող մուտք գործել Ռուսաստան։
2013-ին Ռուսաստան մուտք է գործել 680 հազար ՀՀ քաղաքացի՝ 20 տոկոսով ավելի, քան 2012-ին։

Անցած տարվա ընթացքում ՌԴ-ում օրինական աշխատել է միայն 130 հազար ՀՀ քաղաքացի։ 2012-ի համեմատ այս թիվը ավելացել է մոտ 4 տոկոսով։
XS
SM
MD
LG