Մատչելիության հղումներ

Դինքի սպանության գործով երկրորդ դատավարությունն ընդհատվեց մինչև ապրիլ


Բողոքի ցույց Ստամբուլում Դինքի սպանության յոթերորդ տարելիցի առթիվ:
Բողոքի ցույց Ստամբուլում Դինքի սպանության յոթերորդ տարելիցի առթիվ:
«Ակոս»-ի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով անցած տարեվերջին մեկնարկած նոր դատավարությունը կրկին ընդհատվում է` այժմ արդեն մինչև ապրիլի 18-ը: Այն, որ դատական պրոցեսը կրկին հետաձգվում է, պարզ դարձավ երեկ` Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ քրեական դատարանում կայացած դատական՝ թվով չորրորդ լսումների ժամանակ:

Ինչպես և կարելի էր ակնկալել, դատավարության հետաձգումը բավական լուրջ քննադատության արժանացավ հատկապես Դինքի ընտանիքի անդամների և նրա գործընկերների կողմից: Դեռ դատական նիստի մեկնարկից առաջ Դինքի հարազատները կանխատեսում էին, որ դատավարությունը կրկին հայտնվելու է Թուրքիայում ընթացող ներքաղաքական զարգացումների ազդեցության տակ:

Դատարանի շենքի առջև հավաքված տասնյակ ցուցարարների ներկայությամբ «Հրանտ Դինքի բարեկամներ» անվանումը կրող հասարակական խմբի հայտարարությունը ընթերցեց «Ակոս»֊ի լրագրող Կարին Քարաքաշլըն:

«Ելնելով այն իրողությունից, որ այս դատավարությունը ոչ միայն զուտ իրավական, այլ նախևառաջ քաղաքական հնչեղություն ունի, մենք գտնում ենք, որ ընթացող երկրորդ դատավարությունը պետք է արդարացնի հանրության սպասելիքները: Այն չպետք է զոհաբերվի պետական տարբեր կառույցների միջև հաշվիներ մաքրելու գործընթացին», - նշում են Դինքի ընտանիքի ներկայացուցիչները՝ հավելելով․ - «Սպանությունից անցել է յոթ տարի, տարիներ, որոնք ուղեկցվել են կա՛մ կատարյալ լռությամբ, կա՛մ էլ պետական համակարգում ներկայացված տարբեր թևերի փոխադարձ մեղադրանքներով: Բայց մենք շատ լավ գիտենք, որ այն, ինչ տեղի է ունեցել իրականում, Թուրքիայում առկա պետական ավանդույթի շարունակությունն է: Դա ո՛չ խորքային պետությունն էր, ո՛չ էլ զուգահեռը: Սա պետությունն ինքն էր` իր ամենաակնհայտ ու մանրախնդիր դրևոսումներով »:

Դինքի աջակիցների հրապարակած այս հայտարարությունը կարծես վկայում է Թուրքիայի ազատական շրջանակներում տիրող տրամադրությունների որոշակի փոխոփության մասին: Եթե նախկինում շատ էր խոսվում ուժային կառույցներում գործող ստվերային խմբավորումների, այսպես կոչված, խորքային պետության պատասխանատվության մասին, ապա այժմ ավելի հաճախ են մատնանշվում բուն պետական կառույցները: Երեկ դատարանի առջև հրապարակված հայտարարությունը գրեթե նույնությամբ կրկնեց հայտնի թուրք լրագրող Ջենգիզ Չանդարի Radikal-ում հրապարակված հոդվածներից մեկի հետևյալ դրույթը․ - «2007 թվականից ի վեր շատ բան է ասվել ու գրվել այդ մասին: Շատերն են բողոքել: Բազմաթիվ դատական նիստեր են տեղի ուենցել, բայց միևնույն է` այս սպանությանը պատած գաղտնիության շղարշն այդպես էլ չվերացավ: Ամենահեշտը խորքային պետությանը մեղադրելն է: Բայց, ըստ իս, Դինքի սպանությունը ոչ թե խորքային պետության, այլ պարզապես պետության ձեռքի գործն էր»:

Չնայած դատավարությունը կրկին դոփում է տեղում` Հրանտ Դինքի տասնյակ հարազատները, ընկերներն ու կողմնակիցները երեկ մեկ անգամ ևս հայտարարեցին, որ շարունակելու են պայքարը մինչև «Ակոս»-ի խմբագրի սպանության գործի լիակատար բացահայատումը: Ընթացող դատավարությունը, սակայն, առայժմ մեծ լավատեսություն առիթ չի տալիս:

Բանն այն է, որ երեկ կայացած դատական նիստից ընդամենը երկու օր առաջ հայտնի դարձավ, որ գործը վարող դատախազ Մուամեր Աքքաշը հեռացվում է պաշտոնից` Ստամբուլից տեղափոխվելով Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող ոչ մեծ Թեքիրդաղ քաղաքի դատախազություն: Հիշեցնենք, որ Աքքաշը Թուրքիայի դատական համակարգում առանձնահատուկ դերակատարություն ունի: Նա էր վերջին շրջանի ամենաաղմկալի քրեական գործերը քննող դատախազը: Աքքաշի հսկոողության տակ էին ինչպես Դինքի գործի կրկնակի քննությունը, այնպես էլ «Էրգենեկոն» ընդհատակյա ցանցի հետաքննությունը:

Ավելին, հենց Աքքաշն էր, որ դեկտեմբերին Էրդողանի մերձավորագույն զինակիցների շուրջ ծավալված կոռուպցիոն սկանդալի ընթացքում փորձեց գործի հետաքննությունը տանել դեպի վարչապետի ընտանիքը` հրահանգելով իրականացնել ձերբակալությունների «երկրորդ ալիքը»: Դա նրան թույլ չտվեցին` հեռացնելով գործով զբաղվող քննչական խմբի կազմից:

Այժմ արդեն, երբ հայտնի թուրք իրավաբանը ընդհանրապես հեռացվել է Ստամբուլից, Դինքի գործը վարելու է դատախազ Մուստաֆա Ինամը: Քրեական գործի նյութերը նրան են փոխանցվել բառացիորեն երեք օր առաջ: Ըստ ամենայնի, Ինամից առնվազն մի քանի շաբաթ կպահանջվի ժամանակակից Թուրքիայի ամենաաղմկալի հանցագործություններից մեկի քննչական նյութերին ծանոթանալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG