Մատչելիության հղումներ

Հակառակ պնդումներ՝ Եվրադատարանի վճռի կատարման վերաբերյալ


Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը պնդում է, թե կատարվել է դատարանի վճիռը: Բուզանդի 9-ի գործով փաստաբան Վահե Գրիգորյանը, սակայն, հակադարձում է փաստարկներով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2012 թվականի հոկտեմբերին վճռել է կառավարությանը պարտավորեցնել 2004 թվականին Երևանի կենտրոնում՝ Բուզանդի 9 հասցեում գտնվող տնից զրկված Էմմա Թունյանի ընտանիքին փոխհատուցել 36 հազար եվրո:

Թեև դիմող կողմը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ Հայաստանի կառավարությունը չի կատարել Եվրոպական դատարանի վճիռը, ԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, «Ազատության» գրավոր հարցը ստանալուց 14 օր անց պատասխանել է՝ «Հայաստանի կառավարության պարտավորությունն ամբողջությամբ կատարված է. փոխհատուցման ենթակա գումարն ամբողջությամբ փոխանցվել է դիմումատուներին»:

Ըստ Գևորգ Կոստանյանի գրավոր պատասխանի, 2013 թվականի սեպտեմբերին դիմումատուներին փոխանցվել է 20 միլիոն դրամ: «Սա նաև հաստատվում է արդարացի փոխհատուցման վերաբերյալ տեղեկանքով, որը Հայաստանի կառավարությունը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտ»,- պատասխանել է գլխավոր դատախազը։

Ըստ այդ պատասխանի, այդ գումարը դիմումատուներին փոխանցել է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն: «Սա իրականացվել է ՀՀ կառավարության անունից՝ որպես Հայաստանի կողմից Եվրոպական դատարանի վճռի կատարման մաս»,- նշել է Կոստանյանը:

Դիմող կողմը, սակայն, հակադարձում է, որ «Գլենդել Հիլզ»-ի վճարումը չի կարող համարվել կառավարության կատարած պարտականություն: ԵԴ դիմած Էմմա Թունյանի, նրա ընտանիքի անդամների՝ Սաշիկ, Գևորգ և Միհրան Սաֆյանների փաստաբան Վահե Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ կառավարությունը խճճված է ներկայացնում իրավիճակը՝ մարդկանց շփոթության մեջ գցելու նպատակով։

Ըստ Վահե Գրիգորյանի, «Գլենդել Հիլզը» ժամանակին ունեցել է Բուզանդի 9 հասցեում Էմմա Թունյանի ընտանիքին պատկանող սեփականության դիմաց վճարելու պարտավորություն, բայց այդ պարտականությունը չի կատարել: Իսկ հիմա ոչնչացված գույքի դիմաց դրա արժեքի մի մասը ԵԴ-ի վճռով սահմանված գումարի չափով վճարելն, ըստ փաստաբանի, օժանդակ պարտավորություն է և ամենևին չի կարող համարվել ԵԴ-ի վճռով Հայաստանի կառավարությանը պարտավորության կատարում։

«Կառավարությունը իր վրա դրված պարտավորությունը չի կատարել։ «Գլենդել Հիլզ»-ը վճարում է 20 միլիոն, մենք սա դիտում ենք որպես այդ շուկայական արժեքի վճարման պատավորության մասնակի կատարում, որովհետև «Գլենդել Հիլզ»-ը իրավասու և լիազորված է եղել Երևանի քաղաքապետի անունից միայն այս տեսակի վճարում կատարելու։ Այն երբեք լիազորված չի եղել Եվրոպական դատարանի վճռով նախատեսված կառավարության վրա դրված պարտավորության կատարման համար»,- ասաց փաստաբանը։

Ի՞նչ հիմքով է առևտրային գործունեություն իրականացնող փակ բաժնետիրական ընկերության վճարումը ներկայացվում որպես կառավարության հատուցում, հարցադրում հնչեցրեց Վահե Գրիգորյանը։

«Փաստորեն մենք գործ ունենք պետական ֆինանսներին ուղղակիորեն առնչվող գործարքի հետ, որի բովանդակությունը հայտնի չէ»,- ասաց նա։

ԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Ազատության» հարցերին ի պատասխան նշել է.- «Հատկանշական է, որ այս դեպքում պետությունն ինքն է ընտրել վճռի կատարման եղանակը, ինչը բխում է հենց Եվրոպական դատարանի պահանջներից: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը «Սկոձարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի» գործով վճռում արձանագրել է, որ պատասխանող պետությունն ազատ է այն միջոցների ընտրության հարցում, որով նա պետք է կատարի Կոնվենցիայի 46-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունը»:

Վահե Գրիգորյանը հակադարձեց.- «Այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը «Սկոձարեն և Ջունտան ընդդեմ Իտալիայի» գործով վճռից բացի ուրիշ որևէ բան չի կարող հասկանալ։ Ինչո՞ւ է «Գլենդել Հիլզ»-ը վերցրել և վճարում կատարել կառավարության անունից, եթե կառավարությունը իրոք պնդում է, որ սա Եվրոպական դատարանի վճռի կատարումն է։ Մեր դիրքորոշմամբ, սա Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ որևէ առնչություն չունեցող վճարում է»։

Ըստ Վահե Գրիգորյանի, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն այս վճիռը չի համարում որպես կատարված վճիռ:

Հավելենք, որ 2013 թվականի նոյեմբերին Էմմա Թունյանը և նրա ընտանիքը, պնդելով, որ Հայաստանի կառավարությունը չի կատարել Եվրոպական դատարանի որոշումը, դիմել է Վճռաբեկ դատարան՝ խնդրելով «հարուցել նոր հանգամանքով վարույթ» և բեկանել նախորդ տարիներին Բուզանդի 9 հասցեում իրենց սեփականության հետ կապված գործերով իրենց դեմ կայացրած վճիռները:

Վճռաբեկ դատարանից, սակայն, փոխանցում են, որ գրասենյակը դեռ չի ստացել տեղեկություն գործը վարույթ ընդունելու մասին: Ավելի վաղ Վճռաբեկ դատարանից տեղեկացրել էին, որ գործը վարույթ ընդունելու վերջնաժամկետը հունվարի 28-ն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG