Մատչելիության հղումներ

Ուկրաինական ընդդիմությունը ցանկանում է վերադառնալ 2004-ի Սահմանադրությանը


Ուկրաինացի ընդդիմադիր պատգամավորները Գերագույն ռադայի այսօրվա նիստի ժամանակ
Ուկրաինացի ընդդիմադիր պատգամավորները Գերագույն ռադայի այսօրվա նիստի ժամանակ
Ուկրաինական խորհրդարանի երեքշաբթի օրը մեկնարկած նստաշրջանը կրկին նշանավորվեց սկանդալով: Երբ նիստերի դահլիճ մուտք գործեցին կառավարության անդամները, ընդդիմադիր խորհրդարանականները, դիմելով ներքին գործերի նախարարին, սկսեցին վանկարկել` «մարդասպան»:

Կառավարության անդամները ստիպված էին հեռանալ նիստերի դահլիճից, ինչից հետո խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Ռիբակը ստիպված էր նիստն ընդհատել մի քանի ժամով` մինչև Կիևի ժամանակով ժամը 16-ը:

Իրավիճակը Գերագույն ռադայում սկսեց սրվել դեռ երեկ երեկոյան, երբ գարնանային նստաշրջանի օրակարգը հաստատող նիստի ընթացքում թեժ բանավեճի բռնվեցին ընդդիմադիր և իշխանական խմբակցությունների ղեկավարները:

Տարաձայնությունների հիմնական թեման 2004 թվականի Սահմանադրությանը վերադառնալու հարցն է: Եթե խորհրդարանը կարողանա հաստատել այդ անցումը, ապա նախագահ Վիկտոր Յանուկովիչի լիազորությունները զգալիորեն կկրճատվեն: Ընդդիմադիրների գլխավոր հույսը իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորների աջակցության հնարավորությունն է:

«Անձնական զրույցներում իշխանական խմբակցությունները ներկայացնող պատգամավորները պնդում են, որ հենց սահմանադրական փոփոխություններն են քաղաքական ճգնաժամի լուծման միակ իրատեսական տարբերակը», - նշում էր ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն:

Ռեգիոնների կուսակցության խմբակցության ղեկավար Ալեքսանդր Եֆրեմովը չէր բացառում, որ իր կուսակիցներից ոմանք կարող են անցնել ընդդիմության կողմը: Նրա կարծիքով, սակայն, դրա պատճառը ոչ թե քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ցանկությունն է լինելու, այլ պատգամավորների վրա ըստ բնակության վայրի գործադրվող աննախադեպ ճնշումները:

«Արևմտյան շրջաններում բնակվող մեր պատգամավորների վրա լուրջ ճնշումներ են գործադրվում, ճնշում է բանեցվում նրանց երեխաների, կանանց նկատմամբ: Չեմ կարծում, որ դա ազնիվ պահվածք է», - նշում էր իշխանամետ գործիչը:

Ուկրաինական խորհրդարանի այսօր կայացած կարճատև լիագումար նիստի ընթացքում փոխադարձ մեղադրանքները շարունակվում էին:

Վիտալի Կլիչկոն, դիմելով իշխող խմբակցությանը, կոչ էր անում․ - «Մենք պարտավոր ենք միասին շարժվել քաղաքակիրթ ուղով: Մենք պարտավոր ենք բացառել բռնապետության ձևավորումը, վերադառնալ այն Սահմանադրությանը, որը պատգամավորներին վերածում է որոշում կայացնող անհատների, այլ ոչ թե կոճակ սեղմողների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG