Մատչելիության հղումներ

Դատարանը բավարարեց Կիվիրյանի դիմումը ընդդեմ ՀՔԾ որոշման


Արգիշտի Կիվիրյան, արխիվ
Արգիշտի Կիվիրյան, արխիվ

Դատարանի որոշումը նշանակություն կունենա միայն այն դեպքում, երբ ի վերջո կպատժվեն օրինազանց ոստիկանները, շեշտում է հրապարակախոսը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը երկուշաբթի օրը բավարարեց հրապարակախոս Արգիշտի Կիվիրյանի դիմումը: Դատարանը վերացրեց Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշումը, որի հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել Կիվիրյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների դեմ:

Արգիշտի Կիվիրյանը բողոքարկել էր անցած տարվա օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտից իրեն բերման ենթարկելիս ոստիկանների կիրառած բռնությունների համար քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը:

Հրապարակախոսը այդ օրը փորձել էր վրան տեղադրել ոստիկանության հնչեցրած արգելքների պահին: «Ոստիկանության ցանկացած պահանջ՝ չտեղադրել վրան, դա ապօրինություն է: Այնպես որ, սկսում ենք վրանի տեղադրումը, անցանք գործի»․ - Կիվիրյանի այս կոչից րոպեներ անց ոստիկանները չեն փորձել անգամ իրենց իմացած օրենքների շրջանակում հիմնավորել վրան տեղադրելու արգելքը, նրանք ուժի կիրառմամբ հրապարակախոսին նստեցրել են մեքենան և բերման ենթարկել Կենտրոնականի բաժին՝ քաղաքացիների բուռն արձագանքների ուղեկցությամբ:

Կան ապացույցներ, որ Կիվիրյանը ոստիկանության բաժնում մնացել է ավելի քան երեք ժամ: Այս գործին կցված է դատաբժշկի եզրակացություն, ըստ որի՝ Արգիշտի Կիվիրյանի մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր:

Այս ամենով հանդերձ, սակայն, սեպտեմբերի 28-ին Հատուկ քննչական ծառայության քննիչ Լյովա Մելքոնյանը մերժել էր Կիվիրյանի դիմումը՝ քրեական գործ չհարուցելով նրա նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների նկատմամբ: Հրապարակախոսը այդ որոշումը բողոքարկել էր վերահսկող դատախազին, սակայն Հայաստանի գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը հոկտեմբերի 17-ին մերժել էր դիմումը, Կիվիրյանն էլ դիմել էր դատարան:

Դատարանի այսօրվա որոշումը ստանալուց հետո կողմերը կարող են այն բողոքարկել տասնօրյա ժամկետում:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ կբողոքարկի՞ արդյոք դատարանի որոշումը, Հատուկ քննչական ծառայության քննիչ Լյովա Մելքոնյանը արձագանքեց․ - «Դատախազն է բողոքարկելու, չեմ կարող ասել»: Քննիչը ձեռնպահ մնաց նաև դատողություններ անելուց այն կապակցությամբ, թե արդա՞ր է համարում արդյոք դատարանի որոշումը:

«Իմ կարծիքով, տեսանյութները ոչ մի հակառակ բան ցույց չեն տվել իմ գրած որոշման հետ կապված», - օգոստոսի 1-ին տեղի ունեցածը փաստող տեսանյութերի վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին արձագանքեց Մելքոնյանը՝ ի պատասխան «Ազատության» մեկ այլ հարցի ասելով, որ իր համար դատարանի այսպիսի որոշումը անսպասելի էր:

Նա դժվարացավ նաև ասել՝ հնարավո՞ր է արդյոք, որ նորից քննելու դեպքում կարճի քրեական գործը:

Արգիշտի Կիվիրյանը, մինչդեռ, դատարանի որոշումը պայմանավորեց տեսագրությունների առկայությամբ:

Վերլուծաբանը շեշտեց՝ դատարանի որոշումը նշանակություն կունենա միայն այն դեպքում, երբ ի վերջո կպատժվեն օրինազանց ոստիկանները:

«Ինձ համար կոնկրետ այս գործով որոշումը կլինի վերջնական, երբ որ իմ դեմ բռնություններ, ապօրինություններ իրականացրած ոստիկանների նկատմամբ լինի մեղադրական դատավճիռ», - ասաց նա՝ շարունակելով․ - «Եթե մենք չպայքարենք, ապա Հայաստանի Հանրապետության ոստիկանության, դատախազության, Հատուկ քննչական ծառայության ապօրինությունները է՛լ ավելի կշատանան»:

Արգիշտի Կիվիրյանը «Ազատության» հետ զրույցը եզրափակեց համառ պայքարը շարունակելու մտադրություն հայտնելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG