Մատչելիության հղումներ

Պատգամավորները մտադիր չեն արդարադատության փոխնախարարի հարցը քննարկել Բաղրամյան 26-ում


Ինչպե՞ս կհանգուցալուծվի խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչների, մեղմ ասած, բանավեճը «Դատախազության մասին» օրենքի և Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխությունների նախագծերի շուրջ: Նախագծերի հեղինակներն են խորհրդարանական բոլոր՝ վեց խմբակցություններից յոթ պատգամավորներ և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորներն առաջարկում են «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարել և նախատեսել, որ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը, սակայն ոչ ուշ, քան Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստերից 5 օր առաջ, Ազգային ժողով և հանրապետության նախագահին պետք է ներկայացնի հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Պատգամավորներն առաջարկում են հաղորդման մեջ ներառել «նախորդ տարվա ընթացքում դատախազության իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ»:

Այս նախագծերի հայտնությունն ակնկալվում էր դեռ այն ժամանակ, երբ գլխավոր դատախազի ընտրության հարցով խորհրդարանի ամբիոնից պատգամավորների հարցերին էր պատասխանում այն ժամանակ գլխավոր դատախազի թեկնածու, ներկայիս գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը բարձրաձայնել էր հարցը, թե ինչու դատախազությունը գրավոր հաղորդում չի ներկայացնում խորհրդարան։

Երեկ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում օրինագծի վերաբերյալ կառավարության բացասական եզրակացությանն անդրադառնալով՝ բավականին ուշագրավ պահվածքով է հանդես եկել արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը։

«Եվ այստեղ կարող եմ ինքս սահմանադրական իրավունքի դասընթացներ անցկացնել»,- ասել է փոխնախարարը։

Պատգամավորները փորձել են փոխնախարարին կարգի հրավիրել։ Անգամ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Դավիթ Հարությունյանն է բարկացել։

«Սա արդեն, ինձ թվում է, չափը անցնել է։ Ի՞նչ է նշանակում՝ ես կարող եմ դասեր անցկացնել։ Դուք վիրավորում եք այստեղ նստածներին։ Դա անթույլատրելի է»,- ասել է Հարությունյանը։

Եթե պատգամավորները համարում են, որ փոխնախարարը «չափն անցել է և վիրավորել է» իրենց, չե՞ն պատրաստվում արդյոք դիմել Բաղրամյան 26-ում գործող բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Հարցին պատասխանեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով ևս ներկա է եղել պետաիրավական հանձնաժողովի նիստին։

«Ուղղակի կրքերը մի փոքր թեժացել են, այդքան բան։ Չեմ կարծում, որ դա ընթացք ունենա»,- ասաց Մարուքյանը։

Իրավաբան Հերիքնազ Տիգրանյանն «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց, որ օրենսդրությունը լիովին թույլ է տալիս նման դեպքերում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում վիճարկել փոխնախարարի պահվածքը։

Գրող-հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանն «Ազատության» հարցին ի պատասխան երեկ հանձնաժողովի նիստի ժամանակ փոխնախարարի դրսևորած վարքագիծն օրինական կարգով քննարկման առարկա չդարձնելու հանգամանքը այսպես բացատրեց.- «Գողական ըմբռնումներով դա համարվում է գործ տալ, դրա համար էլ չեն դիմում։ Համարում են, որ իրենք իրար մեջ պետք է հարցերը լուծեն, պայմանավորվեն»։

Վահրամ Մարտիրոսյանի խոսքով՝ այս դեպքում թե փոխնախարարը, թե պատգամավորներն իրենց գործելաոճով արտահայտում են իրենց առօրյա գործունեությունը:

«Դա ավելի շուտ միջավայրի խնդիրն է։ Էդ միջավայրում ինչով որ զբաղվում են, ինչի մասին որ խոսում են, ինչ խաղեր են խաղում, ասենք, շախմատի ֆեդերացիայի նախագահները երևի բլոտից բացի ուրիշ խաղ չեն խաղում...»,- ասաց նա։

Հավելենք, որ պետաիրավական հանձնաժողովը վիճարկվող օրինագծերին միաձայն դրական եզրակացություն է տվել, նախագծերն ընդգրկվել են քառօրյա նիստերի օրակարգ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG